Հիփոթեքային վարկին ուղղվող եկամտային հարկի վերադարձի համակարգը Երևանում աստիճանաբար կհանվի
Կառավարությունը վերանայում է հիփոթեքային վարկի տոկոսադրույքին ուղղվող եկամտային հարկի վերադարձի համակարգն, այն Երևանում աստիճանաբար կսահմանափակվի և կհանվի:
Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը:
«Նախագծի կարգավորման առարկան բնակարան ձեռք բերելու, անհատական բնակելի տուն ձեռք բերելու կամ կառուցելու նպատակով ներգրավված հիփոթեքային վարկի սպասարկման տոկոսներն աշխատավարձից և դրան հավասարեցված եկամուտներից վճարված եկամտային հարկից հետ վերադարձնելու համակարգի վերանայումն է»,-ասաց Պողոսյանը:
Նա վստահեցրեց՝ կառավարությունը հետևյալ նպատակն է հետապնդում՝ վերանայել համակարգի տրամաբանությունն այնպես, որ դրան հաղորդվի կառուցապատման, քաղաքաշինական կամ բնակարանաշինական ծրագրերի առումով տարածքների համաչափ զարգացման տրամաբանություն: Եվ երկրորդ նպատակն է՝ համակարգին հաղորդել լրացուցիչ սոցիալական նշանակություն:
Համակարգը ներդրվել է 2014-ի նոյեմբերի 1-ից: Փոխնախարարի խոսքով՝ անցած տարիներին համակարգի կիրառության շրջանակները՝ շահառուների, ըստ այդմ՝ նաև վերադարձվող եկամտային հարկի գումարների առումով պրոգրեսիվորեն են աճել: Եթե համակարգի ներդրման սկզբնական տարիներին շահառուների թիվն ավելանում էր 800-1000-ով, ապա 2017-2018-ին այդ աճը կազմել է շուրջ 2000, այնուհետև՝ մինչև 5000 և ավել շահառու: Ըստ այդմ՝ նաև վերադարձվող եկամտային հարկի գումարներն են պրոգրեսիվ աճել:
«Եթե առաջին տարիներին վերադարձվում էր 1 մլրդ դրամ եկամտային հարկ, ապա հաջորդ տարիներին այդ աճը պրոգրեսիվ բնույթ է ունեցել, և 2020-ին կազմել է ավելի քան 5 մլրդ դրամ»,-ասաց փոխնախարարը:
Նա նշեց, որ շարունակվում է այդ համակարգին սոցիալականություն հաղորդելու քաղաքականությունը և տարածքային համաչափ զարգացման քաղաքականությունը:
«Եվ, ըստ այդմ, առաջարկվում է ամրագրել, որ համակարգից օգտվելու համար, երբ գույքը ձեռք է բերվում կամ նախատեսվում է կառուցել Երևանի առաջին գոտում, անհրաժեշտ է, հիփոթեքային վարկը ստացված լինի մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը, նույն տրամաբանությամբ երկրորդ գոտու համար ՝ մինչև 2023 թվականի հունվարի 1-ը, երրորդ գոտու համար անհրաժեշտ պայման է սահմանվում, որ վարկը պետք է ստացված լինի մինչև 2023-ի հուլիսի 1-ը: Այնուհետև, 1.5 տարի դադար է առաջարկվում: Իսկ Երևան քաղաքի մնացյալ գոտիների համար նախապայման է առաջադրվում, որ հիփոթեքային վարկը ստացված լինի մինչև 2025-ի հունվարի 1-ը»,-ասաց Պողոսյանը:
Զուգահեռաբար, որպեսզի ընթացքում գտնվող շինարարական նախագծերի շարունակականությունն ապահովվի, առաջարկվում է կարգավորել նաև անցումային հարաբերությունները, որ եթե շինարարության թույլտվությունը ստացված կլինի մինչև 2022-ի հունվարի 1-ը, ապա դրա շրջանակում կառուցված շենքից բնակարանների վաճառքի գործարքներն ամբողջությամբ կսպասարկվեն եկամտային հարկի վերադարձի համակարգի շրջանակներում՝ առանց սահմանափակումների: