«Փաշինյանը կարող է օրը երեք անգամ իր պատրաստակամությունը հայտնել, նրա խոսքը ոչ ոքի հետաքրքիր չէ». Արմինե Ադիբեկյան
Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Ադրբեջանի նախագահին և իր հետ տանել այն քարտեզները, որոնց մասին խոսել է Իլհամ Ալիևը։ Փոխարենը՝ Փաշինյանը կոչ է արել Ալիևին իր հետ բերել բոլոր հայ ռազմագերիներին։ Այս հայտարարությունը նա արել է Լիտվայի հայ համայնքի հետ Վիլնյուսում կայացած հանդիպմանը հետևած հարցուպատասխանի ժամանակ։
Հիշեցնենք՝ «Քարտեզներ՝ գերիների դիմաց» առաջարկը նոր չէ. Փաշինյանն այս մասին խոսել էր նաև մարզային նախընտրական այցերի ժամանակ:
168.am–ի հետ զրույցում ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը նկատեց, սակայն, որ այս առաջարկներն անարձագանք են մնալու. «Մի տարի է՝ երկու ձայնով՝ նա և Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, հայտարարում են, որ պատրաստ են, բայց նրանց արձագանքող չկա, որովհետ Ալիևն իր ամբողջ կեցվածքով ցույց է տալիս, որ նա բանակցելու ոչինչ չունի Փաշինյանի հետ և քարտեզները նա, այսպես թե այնպես, կստանա՝ առանց գերիներին վերադարձնելու:
Փաշինյանը կարող է օրը երեք անգամ իր պատրաստակամությունը հայտնել, նրա խոսքը ոչ ոքի հետաքրքիր չէ»:
Հարցին՝ արդյո՞ք դրանք բացառապես հումանիտար բնույթի քարտեզներ են, ինչպես պնդում է Նիկոլ Փաշինյանը, ադրբեջանագետը պատասխանեց. «Նա բացառապես հումանիտար բնույթով ադրբեջանցի գերիներին նվիրեց Ադրբեջանին, հումանիտար բնույթով հողատարածքներ նվիրեց, ադրբեջանցիներին բերեց մեր գյուղերի մեջ մտցրեց: Այսինքն՝ նա ինչ անում է, անում է հումանիտար նկատառումներով, բայց, վերջիվերջո, մենք ունենք գերիներ, կորուստներ, չլուծված հարցեր և մեր սահմանների ողջ երկայնքով ռազմական գործողությունների պատրաստություն:
Մենք հիմա տեսնում ենք, որ Թուրքիան և Ադրբեջանը հակաիրանական գործողություններ են պատրաստվում ծավալել Իսրայելի հետ միասին. նրանք նվիրում են ականների քարտեզներ, որ ադրբեջանցիներն էլ ավելի եռանդո՞վ ներխուժեն Հայաստանի Հանրապետության տարածք, մորթեն Արցախի հայությանը, ու արդեն՝ էլ ավելի լայնածավալ ու հարմարավետ դիրքերից մտնեն հակաիրանական և հակահայկական ռազմական գործողությունների մեջ»:
Դիտարկմանը, թե Փաշինյանը, այդուհանդերձ, նշել է, որ «Հայաստանը երբեք չի ներքաշվի դավադրության մեջ՝ ընդդեմ Իրանի», ադրբեջանագետն արձագանքեց. «Այսինքն՝ չմտնելը ո՞նց է լինում»:
Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարություններն առավել ուղղված են ներքին լսարանին՝ ցույց տալու, որ միջազգային քաղաքականության մեջ խաղացող է, մինչդեռ իրականությունն այլ է.
«Փաշինյանի հետ ոչ ոք ո՛չ խոսելու, ո՛չ պայմանավորվելու թեմա չունի, որովհետև նրա գոյության իմաստն այն է, որ նա կատարում է հրահանգներ, ինչի մասին պնդել եմ միշտ և շարունակելու եմ պնդել: Փաշինյանի պատրաստակամության դրսևորման որևէ արձագանք պատասխանի չի արժանացել. հակառակը՝ համառորեն պնդում են իրենցը, այն է՝ դուք ճանաչելու եք Ադրբեջանի և Թուրքիայի տարածքային ամբողջականությունը, մոռանում եք Արցախի անկախության մասին, Արևմտյան Հայաստանի և Ցեղասպանության մասին, և մենք գուցեև թույլ կտանք, որ դուք գոյատևեք ևս մի 50 տարի»:
Ո՞րն է ելքը հարցի պատասխանն Արմինե Ադիբեկյանը չունի, փոխարենը վստահ է՝ Նիկոլ Փաշինյանը դրսում կորցրածը փորձում է գտնել երկրի ներսում՝ «ինքնահաստատվելով ՀՀ քաղաքացիների հաշվին».
«Հիմա արդեն ինչ-որ բան փոխելը, ըստ իս, անհնարին է, որովհետև Փաշինյանն իր բոլոր խաղաքարտերը բացել է, իր բոլոր շահավետ դիրքերը զիջել է, ասեմ ավելին՝ նա իր երկրի ներսում ճնշում է տնտեսությունը, բիզնեսը. Երբ ամբողջ աշխարհը պատրաստվում է պատերազմի, փոխոփությունների, թուրք-ադրբեջանական տանդեմը ճանապարհներ է կառուցում՝ այդպիսով ավելի սեղմելով մեր սահմանները, և ահաբեկում մեր բնակչությանը, Նիկոլ Փաշինյանը, օրինակ, պղնձամոլիբդենայինը խլում է սեփականատիրոջից և բաշխում իր համախոհների մեջ:
Նա փոխանակ զբաղվի ՀՀ անվտանգությամբ, արտաքին մարտահրավերներով, սահմանների հարցերով, գերիների խնդիրներով, միջազգային ասպարեզում Հայաստանի հեղինակության բարձրացմամբ, երկրի ներսում ռեպրեսիաների է ենթարկում քաղաքացիներին»: