Հայտնաբերվել են պատմական Արտաշատ մայրաքաղաքի սյունակապ պալատի մնացորդներ
ՀՀ Արարատի մարզի Փոքր Վեդի համայնքի վարչական տարածքում իրականացվող պեղումների ընթացքում հայտնաբերվել է սյունակապ կառույց: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից՝ մանրամասնելով, որ նախարարության աշխատակիցներն այցելել են պեղավայր՝ տեղում ծանոթանալու, սյուների հիմքերն ուսումնասիրելու, հետագայում դրանց պահպանման հնարավոր միջոցները քննարկելու նպատակով։ Պեղումներն իրականացնում է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը:
Ըստ արշավախմբի ղեկավար Մ․ Զարդարյանի՝ հայտնաբերված կառույցը սյունակապ է և հանդիսանում է պատմական Արտաշատ մայրաքաղաքի կառույցներից մեկը։ Հայտնաբերվել են 4 սյան խարիսխներ, իսկ մնացած սյուների հետքերը դեռ հողի շերտի տակ են:
Համաձայն արշավախմբի ուսումնասիրությունների՝ նշյալ կառույցն ունի մի քանի մշակութային շերտեր, որոնք թվագրվում են հեթանոսության ժամանակաշրջանով՝ մ․թ․ա. 2-1 դդ. և մ․թ․ 1-2-րդ դդ․, իսկ ամբողջական ուսումնասիրությունից հետո այն հնարավոր կլինի թանգարանացնել՝ ստեղծելով Հայաստանում նախադեպը չունեցող զբոսաշրջային վայր՝ համայնքում ենթակառուցվածքների ստեղծմամբ։
Քննարկվել են հուշարձանի պահպանման և թանգարանացման՝ օրենքով սահմանված հնարավորությունները, և որպես վերջնական որոշման ընդունման ժամկետ՝ սահմանվել է առաջիկա 2 շաբաթը։
Պատմական Արտաշատ մայրաքաղաքը կառուցվել է Արտաշես Ա-ի կողմից Ք․ ա. 189-188 թթ․ 12 մեծ ու 1 փոքր բլրի վրա, որոնցից մեկի վրա այժմ գտնվում է Խոր Վիրապ վանական համալիրը։ Հնագիտական պեղումներն սկսվել են դեռևս խորհրդային ժամանակաշրջանում և ընդհատումներով շարունակվել են անկախության տարիներին: Այդ ընթացքում հայտնաբերվել են բաղնիքների մնացորդներ, դրանց խճանկարները, մետաղադրամներ, տարբեր կառույցների և դրանց էլեմենտներ, որոնց մի մասն ուսումնասիրվել և թանգարանացվել է, իսկ մյուս մասը դեռևս ուսումնասիրման փուլում է թե՛ տեղացի, թե՛ արտասահմանյան մասնագետների կողմից։