
Դու երբեք չես լինի սիրված ու գնահատված, եթե չլինես մարդասեր, հավատարիմ ու հոգատար…

Երբ մարդիկ սեր ու բարություն են դրսևորում միմյանց հանդեպ, նրանց միջև ամուր ընկերական փոխհարաբերություններ են հաստատվում։ Աստվածաշունչն ասում է. «Ավելի շատ երջանկություն կա տալու, քան ստանալու մեջ» (Գործք 20:35)։ Մեզանից յուրաքանչյուրը կփաստի այս խոսքերի ճշմարտացիությունը, որ որքան շատ ենք սեր դրսևորում, այնքան շատ ենք ստանում այն ուրիշներից։ Հիսուսն իր աշակերտներին ասել է. «Տվե՛ք, և պիտի տրվի ձեզ» (Ղուկաս 6:38)։ Պետք չէ ժլատ լինել սիրո հարցում, վախենալ կամ խուսափել դրանից: Դա լավագույն զգացմունքն է, որը Աստված տվել է մեզ, ու կամեցել, որ առատորեն այն բաշխենք:
Մարդկանց հանդեպ սեր դրսևորելով և նրանցից նույնը ստանալով՝ մենք ավելի երջանիկ ենք զգում մեզ։ Սերը երբեք չի վերջանում, իսկ եթե մի օր վերջանա՝ կնշանակի վերջացել է նաև կյանքը: Մեր ապրած ամեն օրվա մեջ պետք է սեր լինի: Այս գիտակցումով պետք է կառուցենք և առաջ տանեք կյանքը, հակառակ պարագայում կնշանակի՝ ապրում ենք ոչնչի համար: Միայն սերն է, որ ապրեցնում է, տալիս է պայքարելու ու արարելու մեծ ուժ:
Ապրած կայնքը ստիպում է ավելի ու ավելի շատ սիրել այն ամենը, ինչ ունես, որ կարևորն է՝ գնահատես ու արժևորես այն մարդկանց, ովքեր մշտապես գտնվում են քո կողքին: Այն սերը, որ տածում ես նրանց նկատմամբ, փոխում է ներաշխարհդ՝ դարձնելով այն անծայրածիր սիրո տիեզերք:
Երջանկությունը կրկնապատկվում է, երբ հասկանում ես, որ քո կողքին կան մարդիկ, որոնց դու վստահում ես, հավատում ու ցանկացած պահի օգնության կանչում:
Դու երբեք չես լինի սիրված ու գնահատված, եթե չլինես մարդասեր, հավատարիմ ու հոգատար: Կառուցենք մեր կյանքը սիրո հիմքերի վրա, ու թույլ չտանք, որ այն թուլանա ամեն պատահական ցնցումից կամ հարվածից: