Աֆղանստանում ԱՄՆ-ի թողած զենքը գնահատել են 85 միլիարդ դոլար
Զենքի քանակությունը, որն ամերիկացիները թողել են Աֆղանստանում եւ որի ընդհանուր արժեքը գնահատվում է 85 միլիարդ դոլար, սասրափեցնում է: Այդ մասին «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Դաշնային ծառայության ռազմատեխնիկական համագործակցության (ԴԾՌՏՀ) հարցերով տնօրեն Դմիտրի Շուգաեւը։
«Անկեղծ ասած, 85 միլիարդը թիվ է, այն ուղղակի սարսափեցնում է… Խորհեք՝ 22 հազար զրահամեքենա, 358 հազար ինքնաձիգ, 176 հրետանային կայանք, 8 հազար բեռնատար, տրանսպորտային ինքնաթիռներ, հարյուրից ավելի ուղղաթիռներ. զինել են մինչեւ ատամները»,-ասել է նա՝ լրագրողի հարցին պատասխանելով «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում: Խոսելով Աֆղանստանից ամերիկյան բանակի հապճեպ դուրս գալու մասին՝ Շուգաեւը նշել է, որ ավելի վատ սցենար «դժվար էր մտածել»:
Օգոստոսի սկզբին թալիբներն ակտիվացրեցին հարձակումը կառավարական ուժերի վրա:
Օգոստոսի տասնհինգին զինյալները մտել են մայրաքաղաք եւ հաջորդ օրը հայտարարել, որ պատերազմն Աֆղանստանում վերջացել է: Օգոստոսի վերջին երկու շաբաթներին Քաբուլի օդանավակայանից, որը գտնվում էր ԱՄՆ-ի զինվորականների պահպանության ներքո, ընթանում էր Արեւմուտքի երկրների քաղաքացիների եւ նրանց հետ համագործակցող աֆղանցիների տարհանում: Լույս օգոստոսի 31-ի գիշերը ԱՄՆ-ի զինվորականները լքել են Քաբուլի օդանավակայանը՝ վերջ դնելով ամերիկյան գրեթե 20-ամյա ռազմական ներկայությանը Աֆղանստանում:
Սեպտեմբերի 6-ին թալիբները հայտարարել են, որ Փանջշերն աֆղանական 34 նահանգներից վերջինն է, որը մարտերից հետո անցավ իրենց հսկողության ներքո, եւ հաջորդ օրը հայտարարեցին Աֆղանստանի ժամանակավոր կառավարության կազմը: Այն գլխավորել է Մոհամադ Հասան Ախունդը, որն ԱԳ նախարարության ղեկավարի աթոռն էր զբաղեցրել «Թալիբան»-ի առաջին կառավարման ժամանակ եւ 2001 թվականից գտնվում է ՄԱԿ-ի պատժամիջոցների ներքո, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: