Բաժիններ՝

5 գիրք, որ երեխաներին առաջարկում է ընթերցել Հասմիկ Սիմոնյանը

Ում տալ՝ «Ի՞նչ կառաջարկեք ընթերցել երեխաներին հարցը, եթե ոչ ժամանակակից հայ գրականության ներկայացուցիչներին: Բանաստեղծ Հասմիկ Սիմոնյանը հայ հեղինակներից 5 գիրք է առանձնացրել՝ նախատեսված մանկապատանեկան տարիքի ընթերցողների համար, որոնց կից ներկայացնում ենք նաև Հասմիկի մեկնաբանությունները:

«Թռչող աֆրիկացին» – Արեգ Ազատյան

Եթե սիրում եք ճամփորդել, իսկ գրքերը, հիշում ենք, լավագույն միջոցն են ճամփորդելու, հատկապես, եթե շուրջբոլորը քովիդ է կամ էլ ֆինանսները չեն ներում, և, ուրեմն, եթե եղանակներից ձերը ամառն է, սիրում եք ծանոթանալ նոր մարդկանց հետ, ճամփորդել ու բացահայտել, դուք ունեք 53 օր՝ շրջելու Աֆրիկայով մեկ: Պատրաստվեք, որովհետև դուք հայտնվելու եք Տանզանիայում, Թունիսում, Սենեգալում, Նամիբիայում և այլուր, և, առհասարակ, ձեզ հետ պատահելու են բաներ, որ հետո հիշելու եք երկար:

Կարդացեք նաև

«Երաժիշտ հրեշը» – Լիլիթ Ալթունյան

Սա մի հսկա գիրք է, որ կարելի է կարդալ 5-6 րոպեում: Կարող ենք անգամ գրազ գալ: Բայց սա գիրք է, որ վերջացնելուց հետո պարտավոր եք նորից թերթել ու հատ առ հատ նկարները զննել ու պարտավոր եք նաև զմայլվել, ամեն օր չի ձեռքիդ տակ նման հրաշալիք ընկնում: Դե իսկ պատմությունը հրեշի մասին է, որ սիրում էր նվագել և գիտեր, որ բոլոր երաժիշտներն էլ դժվարությունների են հանդիպում: Իսկ թե ինչ խոչընդոտներ են նրան պատահում, կիմանաք, երբ կարդաք:

«Վիշապաքարի գաղտնիքը» – Արտավազդ Եղիազարյան

Դեպքերը տեղի են ունենում Երևան քաղաքում: Սովորական դպրոցական մի տղա, սովորական ընկերներ՝ հաջող և ոչ այնքան, սովորական դասեր, սիրահարություն և, իհարկե, վիշապներ, որ խոսում են գրաբարով և ապա, քանի որ ժամանակները մի քիչ փոխվել են ու մենք էլ անցում կատարել բոլորովին այլ հայերենի, հուսահատաբար սկսում են մեկումեջ թարգմանել ասածները հայերենից հայերենի: Ձեզ սպասում են կռիվներ, տուրուդմփոց, երեխաներ, որ միավորվում են ընդդեմ վիշապների ու գտնում նրանց թույլ կետը՝ կոնկրետ երաժշտության տեսակ, որը կիմանաք միայն ու միայն կարդալուց հետո: Եվ ինչպես կասեր վիշապներից Վազգենը, որը ես հիմա օգտագործում եմ պարբերաբար՝ «Մայաղեզ լիցիմ», որի նշանակությունը նույնպես կիմանաք ընթերցելուց հետո:

«50 կանայք, որ փոխեցին աշխարհը»

Գիրքը 50 կարճ ու հավես պատմություններ են ամենատարբեր կանանց մասին, որ միշտ լուծում են գտնում ու հաղթում: Խորհուրդ եմ տալիս լինել համբերատար ու միանգամից չկարդալ, այլ կարդալ օրը մի պատմություն, ու վստահեցնում եմ՝ ձեր օրը միանգամից կփոխվի: Ի դեպ, եթե մասնագիտություն դեռ չեք ընտրել, սա հրաշալի ուղեցույց է, իսկ եթե վաղուց ընտրել եք ու դժգոհ եք ու մտածում եք՝ «Էհ, ինչ արած, իմ կյանքն էլ էսպես ստացվեց», այս գիրքը նաև ձեզ համար է, վկա՝ չոլիտաները, որ 50 տարեկանում որոշեցին սարեր բարձրանալ: Եթե շատ երիտասարդ եք ու ձեզ անվերջ ասում են՝ «ձվից նոր ես դուրս եկել», իսկ ձեր էներգիան եռում է, ու դուք հեչ համաձայն չեք, ձեզ ուղեկից կլինեն մեր աղջիկներից Ալոհան ու Մալալան. մեկը 16 տարեկանում շուրջերկրյա ճամփորդություն կատարեց, մյուսը 14-ում պայքարում էր թալիբների դեմ և ուզում էր կրթություն ստանալ, արդյունքում Նոբելյան մրցանակ շահեց, թե ինչպես և ինչու, կարդացեք գրքում:

«Մանյունյա» – Նարինե Աբգարյան

Եթե կարիք ունեք վայելքի, մաքուր ծիծաղի ու ուրախության, ուզում եք ձեր հայացքն էլ քամու թեթևությունն ունենա, կյանքը մի բաժակ ջրի պես պարզ դառնա, սիրտը՝ անկաշկանդ սիրով լի, ու էջ առ էջ մտահոգվեք, խիզախեք, ապրեք ու սիրեք, անասելի շատ սիրեք բերդցի Թոմ Սոյեր Մանյունյային ու չորս քույրիկներին, տա-ին, մայրիկ Նադյային, հայրիկին, Միշային և բոլոր-բոլորին ու, բնականաբար, վերածվեք հեղինակի անվիճելի երկրպագուի, ապա շտապեք կարդալ այս գիրքն ու մի բարի բան էլ ասել խորհուրդ տվողին:

Անի Գաբուզյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս