
Դավիթ Տոնոյանը հրաժարվել է ցուցմունք տալ. Նախաքննական մարմինը հայտնվել է փակուղու առաջ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ինչպես հայտնի է, երեկ կալանավորվեցին ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ու նրա մտերիմ ընկեր Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավոն: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ չնայած նախկին պաշտոնատար անձինք կալանավորված են, բայց նախաքննական մարմինը հայտնվել է փակուղու առաջ: Բանն այն է, որ նախկին նախարար Տոնոյանը հրաժարվել է ցուցմունք տալ, ինչը ԱԱԾ-ին խանգարում է քրեական գործով առաջ շարժվել և մեղավոր անձանց շրջանակը պարզել: Ասել է թե՝ ԱԱԾ-ն շունչը պահած սպասում է, թե երբ երկամսյա կալանքի տակ գտնվող Տոնոյանը ցուցմունք կտա:
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր՝ հարցաքննության կհրավիրվի նաև ԳՇ պետ Արտակ Դավթյանը, ու չի բացառվում, որ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործով մեղադրանք առաջադրվի նաև նրան:
Նշենք, որ փաստացի ԱԱԾ-ում պաշտոնական լիազորությունների չարաշահման, խոշոր չափերի հափշտակության հատկանիշներով հարուցված քրեական գործով կա երեք մեղադրյալ՝ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, ՊՆ զենք մատակարարող Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավոն, և երեկ ձերբակալվեց ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանը»: