27-ամյա երիտասարդը մեքենայում ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց է պահել. նա ձերբակալվել է
Սեպտեմբերի 30-ի երեկոյան ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ՝ գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները օպերատիվ տեղեկություններ ստացան, որ մայրաքաղաքի Նազարբեկյան թաղամասի բնակիչներից մեկը մեքենայում ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց է պահում։
Ոստիկանության ծառայողները 27-ամյա երիտասարդին հայտնաբերեցին Երևանի Հրազդանի կիրճում ու, «Մերսեդեսով» հանդերձ, բերման ենթարկեցին Մաշտոցի բաժին։
Օպերատիվ տվյալները ճիշտ էին։ Բերման ենթարկվածը մեքենայից ներկայացրեց գործարանային համարն ու արտադրման տարեթիվը ջնջված «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի 8 փամփուշտով, ինչպես նաև 24 գրամից ավելի քաշով սպիտակ փոշենման զանգված, որն, ըստ բերման ենթարկվածի՝ մեթամֆետամին է։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Բերման ենթարկվածը ձերբակալվել է։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։