Մաքառեց ու համբարձվեց… Հայկոս… բարի ճանապարհ ՎԵՐԵՎ

48 տարեկանում կյանքից հեռացավ  սիրված երգիչ Հայկոն՝ ՀՀ վաստակավոր արտիստ, բազմաթիվ երգերի ու  գեղարվեստական ֆիլմերի երաժշտության հեղինակ Հայկ Հակոբյանը։ Հայկոն էլ  վարակվել էր COVID-19 հիվանդությամբ: Մոտ 10 օր ծայրահեղ ծանր վիճակում գտնվում էր հիվանդանոցում։

Հայկ Հակոբյանը ծնվել է 1973 թվականին՝ Երևանում։ Սովորել է Երևանի թիվ 170, ապա՝ Թումանյանի անվան թիվ 32 միջնակարգ դպրոցներում։

1999 թվականին ավարտել էր Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։ 1998 թ., 1999 թ., 2002 թ., 2003 թ. և 2006 թ. հայկական երաժշտական ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ արժանացել էր «Տարվա լավագույն երգիչ» տիտղոսին, 2002 թ.՝ «Տարվա լավագույն նախագիծ», «Տարվա լավագույն ալբոմ», 2003 թ.՝ «Տարվա լավագույն տեսասկավառակ» մրցանակներին։

2006 թ. ՀՀ Նախագահի հրամանագրով Հայկ Հակոբյանին շնորհվել էր Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի կոչում։

2007 թ. «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում Հայկոն երկրորդ երգիչն էր, որ ներկայացրեց Հայաստանը «Anytime You Need» երգով ու զբաղեցրեց 8-րդ տեղը։

2007 թ., 2010 թ. և 2011 թ. արժանացել էր «Տարվա լավագույն կոմպոզիտոր» մրցանակին՝ «Մի վախեցիր», «Սպանված աղավնի», «Խաչագողի հիշատակարանը» ֆիլմերի երաժշտության համար։

Նա գրել է նաև «Ոչինչ չի մնա», «Հոբելյանական հաճախորդ», «Վանա ծովուն արշալույսը», «Գարեգին Նժդեհ» ֆիլմերի երաժշտությունները։

Հայկոյի առողջական վիճակի վերաբերյալ 2 օր առաջ նրա ընկերները՝ Կամո Սեյրանյանը, Գագա Ամատունին, Արսեն Գրիգորյանը, Ալլա Լևոնյանն ու Սյուզան Մարգարյանը, հիվանդանոցի բակից ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ հայտնել էին, որ մի քանի օր հիվանդանոցում գտնվող Հայկոյի առողջական վիճակում կա դրական դինամիկա․

«Թող բոլորիդ աղոթքները լինեն Հայկոյի հետ, ամեն ինչ լավ է լինելու, ժողովուրդ ջան։ Աստված մեր Հայկոյի հետ»։

Հայկոն Արցախյան 44-օրյա պատերազմից հետո մի քանի երգիչների հետ կատարել էր «Հերոս զինվոր» երգը, որի պրեմիերան տեղի ունեցավ 2020-ի նոյեմբերի 23-ին։

Ծանր էր ցավը Հայկոյի մտերիմների, ընկերների, երկրպագուների համար,  երբ համացանցում տարածվեց նրա մահվան մասին բոթը:

Ու բոլորն իրենց սրտի խոսքը հանձնեցին սոցիալական հարթակներում.

«Մաքառեց, պայքարեց, մաքրվեց ու համբարձվեց: Մենք՝ աղքատացանք… Իսկ ինքը ուղղակի գնաց ՎԵՐև…. սիրո ճամփով դեպի ՎԵՐև ….  Խաղաղ մնա Հայկո ջան… Կարոտներով թողեցիր…»,- գրել է Նազենի Հովհաննսիյանը։

«Հայկոս․․․ Բարի ճանապարհ վերև»,- գրել է հաղորդավար, երգահան Ավետ Բարսեղյանը։

Երևանցիները ևս իրենց ափսոսանքն են հայտնել սիրելի երգչի մահվան առիթով։

168.am-ը ցավակցում է Հայկոյի ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին, մտերիմներին ու երկրպագուներին։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Նարեկ Խաչատրյան

Աքսաննա Հայրապետյան

Տեսանյութեր

Լրահոս