«Տեսնում էինք, որ ընկնում էր Հադրութը, Շուշին, մենք ինչո՞ւ էինք թանգարանները թողել նմուշներով». Թագուհի Թովմասյանը՝ ՀՀ-ում Արցախի ներկայացուցչին
Խորհրդարանում «Արցախցիների իրավունքների, օկուպացված շրջանների տեղահանված բնակիչների իրավունքների վերաբերյալ» աշխատանքային քննարկման ժամանակ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն ասաց, որ Արցախի 44-օրյա պատերազմից հետո երկու երեխայի դպրոց չեն ընդունել՝ պատճառաբանելով թե օնլայն գրանցման խնդիր կա, միայն իրենց միջամտությունից հետո են երեխաներին ընդունել դպրոց։
Հանձնաժողովի նախագահը քննարկմանը ներկա ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք նման խնդիրների շատ են բախվել պատերազմից հետո։ Ապա հարցրեց, թե արդյո՞ք պատերազմի ընթացքում փորձ չեն արել թանգարաններից հանել ցուցանմուշները։
«Մենք տեսնում էինք, որ ընկնում էր Հադրութը, Շուշին, մենք ինչո՞ւ էինք թանգարանները թողել նմուշներով»,- հարցրեց Թագուհի Թովմասյանը։
Սերգեյ Ղազարյանը նախ պատասխանեց առաջին հարցին և ասաց, որ աշակերտներին դպրոցներ ընդունելու հետ կապված համակարգային խնդիր չկա, եղել են ընդամենը եզակի դեպքեր։
«Ինչ վերաբերում է թանգարաններից ցուցանմուշների դուրսբերմանը, կարծում եմ՝ սա համապատասխան քննչական մարմինների գործառույթն է, որպեսզի հասկանան, թե արդյո՞ք եղել է նման հանարավորություն։ Որքանով տեղյակ եմ՝ քննություն ընթանում է»,- ասաց ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցիչը։
Նշենք, որ քննարկման մի մասն էլ շարունակվեց փակ ձևաչափով։