«Ադրբեջանում լավ հասկանում են, որ Փաշինյանի իշխանությունն ավարտվելուց հետո, շատ հնարավոր է, Հայաստանում առաջանա այդ ռևանշիստական էներգիան». Գառնիկ Դավթյան

Ադրբեջանի նախագահը և Արտաքին գործերի նախարարը կրկին մեղադրանքներ են հնչեցրել Հայաստանի հասցեին՝ հայտարարելով, թե Հայաստանը պետք է հրաժարվի  ռևանշիստական մոտեցումներից։ Այսպիսով՝ Վրաստանի, Ուկրաինայի, Ադրբեջանի և Մոլդովայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ նախօրեին Նյու Յորքում տեղի ունեցած նիստի ժամանակ Բայրամովն ասել է, որ «Միջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի Հայաստանի վրա, որպեսզի Հայաստանը հրաժարվի իր ռևանշիստական մոտեցումներից, և փոխարենը՝ օգտվի կայուն «խաղաղության և զարգացման համար հնարավորությունից»:

Իսկ Ալիևն էլ հայտարարել է, թե Հայաստանում «Հայկական ֆաշիզմը ոչնչացվել է, բայց դրա դրսևորումները տեսանելի են: Սա շատ վտանգավոր միտում է առաջին հերթին հայկական պետության համար։ Ես արդեն ասել եմ, և այսօր՝ Հիշատակի օրը, մեր շեհիդների լուսավոր հիշատակի առջև ևս մեկ անգամ կասեմ՝ եթե տեսնենք, որ հայկական ֆաշիզմը գլուխ է բարձրացնում, եթե տեսնենք, որ նոր վտանգ կա մեր ժողովրդի և պետության համար, ապա առանց վարանելու կկոտրենք հայկական ֆաշիզմի գլուխը: Թող բոլորը դա իմանան: Թող ոչ ոք չմոռանա, որ պատերազմի և Հաղթանակի խորհրդանիշ «Երկաթե բռունցքը» տեղում է»։

Ինչո՞ւ է Ադրբեջանի արտգործնախարարը խոսում Հայաստանի, այսպես ասած, ռևանշիստական մոտեցումներից, Ալիևն էլ «հայկական ֆաշիզմից» է բողոքում, այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանն արդեն հայտարարել է «խաղաղության դարաշրջանի» մասին և որևէ խոսք չի ասել ռևանշի մասին։ Ինչի՞ց է վախենում Ադրբեջանի ղեկավարությունը։

168.am-ի հետ զրույցում Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը պատասխանելով այս հարցերին, նկատեց՝ ադրբեջանական կողմը հստակ տեսնում է, որ Փաշինյանի իշխանությունն «անողնաշար իշխանություն է»։

«Ես այս ամենն ասում եմ ոչ բնավ վիրավորելու նպատակով, այս իշխանությունը չունի հստակ քաղաքական պահանջներից բաղկացած փաթեթ, այսինքն՝ ժամանակն ինչպես տանի, այնպես կգնա։ Հետևաբար՝ նաև հասկանում են, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն անժամկետ չէ, և գալու է մի ժամանակ, երբ ընտրությունների կամ բողոքի ակցիաների արդյունքում այդ իշխանությունն այլևս չի լինի, և տեսնում են, թե ով կարող է փոխարինել նրան։ Իսկ նրան կարող է փոխարինել հայրենասեր, հայ ժողովրդի անվտանգությունն ապահովող քաղաքական ուժ՝ սա փաստ է։ Տեսնելով, որ թե «Հայաստան» դաշինքը կլինի, թե «Պատիվ ունեմ» դաշինքը ռեալ հնարավորություններ ունեն իշխանության գալու համար, նրանց այդ մեսիջն ուղղված է հենց իրենց։ Մասնավորապես՝ այն մարդկանց, որոնք այժմ քարոզչական դաշտում աշխատում են ընդդեմ Փաշինյանի և հօգուտ Հայաստանի։

Նաև տեսնելով, որ ներքին պայմանավորվածությունների արդյունքում գուցե որոշ տարածքներ հանձնվել են առանց կրակոցի, անգամ պատերազմն է շատ սխալ կազմակերպվել, ունեն բազմաթիվ մտավախություններ։ Ադրբեջանում լավ հասկանում են, որ Փաշինյանի իշխանությունն ավարտվելուց հետո, շատ հնարավոր է, Հայաստանում առաջանա այդ ռևանշիստական էներգիան։ Այսինքն՝ երբ բացահայտեն բոլոր ստերը և փաստերով ներկայացնեն հանրությանը՝ հաստատ հանրությունն այդ ջախջախված հոգեվիճակից դուրս է գալու»,- եզրափակեց Գառնիկ Դավթյանը։

Տեսանյութեր

Լրահոս