«Եվ կհասկանան, որ երբ հայրենիքը պակասում է, ամեն ինչ է պակասում». Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան
Սեպտեմբերի 27-ը 44-օրյա պատերազմի մեկնարկի տարելիցն է: Ինչո՞ւ պատերազմից մեկ տարի անց պատերազմի համար չեղան պատասխանատուներ, չգտնվեցին մեղավորներ, և ինչո՞ւ է հասարակությունը համակերպվել ստեղծված իրավիճակի հետ՝ 168.am-ի հարցերին ի պատասխան՝ Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը նշեց.
«Պատասխանատուները կան, մեղավորներն էլ կան, բոլորն էլ գիտեն, բայց ժողովուրդը չի ուզում պատասխանատվության կանչել: Համընդհանուր, համաժողովրդական ապատիայի մեջ ենք: Ինչ որ պետք էր անել, չարվեց, դրա համար էլ նշել եմ՝ ապրում ենք՝ իբրև փոքրամասնություն մեր սիրելի հայրենիքում»:
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կարծիքով՝ մեծամասնությունն իրականացնում է այն, ինչ ուզում է, իսկ փոքրամասնությունը պետք է հաշտվի այդ իրողության հետ:
Ըստ նրա՝ այս վիճակը կձգվի այնքան, մինչև հասարակությունը կհասկանա, որ լուրջ բան է պակասել.
«Եվ կհասկանան, որ երբ հայրենիքը պակասում է, ամեն ինչ է պակասում: Այժմ, ցավոք, հասարակության մի հատված կա, որը մտածում է՝ հայրենիք կորցնելով՝ պետք է շահի. շատ համարձակ երևակայություն է պետք այդպիսի բան մտածելու համար, բայց, ցավոք, մեր հասարակության մեծամասնությունը ցույց տվեց, որ այդպես է մտածում՝ հայրենիք կորցնելով՝ ուզում է շահած լինել, պարտվելով՝ ուզում է հպարտ լինել, բայց դա այդպես չի լինում, հնարավոր չէ: Եվ հասարակության այն հատվածը, որն այսօր մեծամասնություն է, պետք է դա՛ հասկանա, որ հայրենիքի կորստով հնարավոր չէ շահել»: