«Մեծամասնությունը, պարզվեց, որ անտարբերներն են․․․ Բնակիչը հաղթեց քաղաքացուն». Գերաշնորհ Տ. Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյան

«Կապրենք իբրև փոքրամասնություն մեր սիրելի հայրենիքում»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով հետընտրական Հայաստանին ու անելիքներին՝ այսպես արձագանքեց Գերաշնորհ Տ. Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը:

Հոգևորականը շեշտեց, որ մեծամասնություն համարում է նրանց, ովքեր թեև ունեին ընտրության իրավունք, սակայն այդպես էլ չգնացին ընտրատեղամասեր:

«Մեծամասնությունը, պարզվեց, որ անտարբերներն են. մեր ժողովրդի մեծ մասը, որովհետև 50 տոկոսը չի մասնակցել քվեարկությանը, դրանից հետո նոր գալիս է մյուս մեծամասնությունը:

Բնակիչը հաղթեց քաղաքացուն: Դա նշանակում է, որ բնակչի վերաբերմունք է երկրի նկատմամբ, այսինքն՝ պարզապես բնակելի տարածք է. մարդն ապրում է, իրավունքներ ունի, ոչ մի պարտականություն չունի, ինչ ուզում է՝ թող լինի սկզբունքով է ապրում»,- ասաց նա։

Պատասխանելով հարցին, թե ինչի հետևանքն է այդ անտարբերությունը, նա նշեց․ «Կարելի է հազար ձևով մեկնաբանել՝ հիասթափվել ենք, 30 տարի ոչինչ չենք տեսել, նախկիններն էին մեղավոր, բայց դա ոչ մեկին չի կարող արդարացնել. այդ անտարբերների պատճառով տեղի ունեցավ այս ընտրությունը:

Սուբյեկտիվ սենտիմենտալիզմը հաղթեց պրագմատիզմին, ինչ է թե՝ նախկինները չվերադառնան սկզբունքը, նախկիններին ձայն չտալու այդ սենտիմենտալ մոտեցումը հաղթեց պրագմատիկ այն ընկալմանը, որ այս իշխանությունը պետք է հեռացնել»:

Դիտարկմանը, թե այսօր հաճախ խոսում են պետության կորստի վտանգի մասին, Տ. Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանն արձագանքեց. «Մեր պետականությունը նոյեմբերի 9-ից արդեն թվացյալ է. այն գոյություն ունի միայն թուրքական, ադրբեջանական և նաև ռուսական ողորմածության հետևանքով: Մենք ինքներս մեր պետականության հեղինակը չենք, և այսօր պետականություն ունենալը շատ հարաբերական է։ Չեչնիան էլ ունի պետականություն, այսօր դու Չեչնիայից ավելի նվազ սուվերենություն ունես: Չեչնիան այսօր ավելի անկախ է, քան դու՝ իբրև Հայաստան: Սա իշխանությունը կընդունի-չի ընդունի, կգոռա՝ ապագա կա, թե չի գոռա, դրանով բան չի փոխվում:

Այսօր մեր պետականությունը մեր շնորհիվ չէ, որ գոյություն ունի, իսկ դա նշանակում է, որ պետականություն գոյություն չունի այլևս. պետականության պատրանք է: Պետականությունը գոյություն է ունենում, երբ ինքն ի վիճակի է իրեն ապահովել»:

Տեսանյութեր

Լրահոս