Սոմալիում ահաբեկչության հետևանքով զոհվել է 8 մարդ
Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում մահապարտ ահաբեկչի կողմից ավտոմեքենա պայթեցնելու հետևանքով մահացել է առնվազն ութ մարդ, ևս յոթը վիրավորվել են: Այս մասին հայտնում է «Ֆրանս Պրես» լրատվական գործակալությունը:
Ականատեսներից մեկը հայտնել է, որ մեքենան պայթեցվել է նախագահական պալատի մոտ՝ ստուգման ընթացքում: Զոհերի հիմնական մասը քաղաքացիական անձինք են:
«Ֆրանս Պրես» -ի տվյալներով՝ ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել են «Աշ Շաբաբ» ծայրահեղական խմբավորման անդամները:
Խմբավորումը Սոմալիում գործում է 2004 թվականից: 2012 թվականի փետրվարին «Աշ Շաբաբ»-ի ղեկավարներից մեկը հայտարարել էր, որ իրենք միանում են «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորմանը: Ընդհանուր առմամբ, «Աշ Շաբաբ»-ի կազմում շուրջ 7 հազար զինյալներ կան: