Անհիմն է Արմեն Չարչյանի առողջական վիճակի փոփոխությունը կապել անազատության հետ. մեղադրող դատախազ
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում (Ավան և Նոր Նորք նստավայր)՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, այսօր կայացավ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Իզմիրլյան» ԲԿ նախկին ղեկավար Արմեն Չարչյանի գործով հրատապ դատական նիստը:
Արմեն Չարչյանի առողջական վիճակով պայմանավորված՝ նրա պաշտպանը միջնորդել է հրատապ նիստ հրավիրել ու քննել պատգամավորի նկատմամբ կիրառված կալանավորումն այլ խափանման միջոցով փոխարինելու միջնորդությունը:
Միջնորդություն էր ներկայացրել նաև դատախազությունը՝ բժիշկներից բաղկացած փորձագիտական հանձնաժողով ստեղծելու և Չարչյանի առողջական վիճակին գնահատական տալու համար:
Չարչյանի պաշտպանների պնդմամբ՝ րոպե շուտ պետք է փոխել պրոֆեսորի խափանման միջոցը, քանզի նրա առողջական վիճակը անազատության պայմաններում վատթարանում է:
Մեղադրող դատախազ Մարգարյանն էլ հակառակն էր պնդում, որ Չարչյանն անազատության պայմաններում նոր հիվանդություն ձեռք չի բերել, ու պաշտպանության կողմի բերած միջնորդությունը ենթակա է մերժման: Իր տեսակետը հիմնավորելու համար դատախազը իր ելույթում վկայակոչեց Չարչյանի հարցազրույցներից մեկը՝ ՔԿՀ-ից դուրս գալուց հետո, որի ընթացքում ի պատասխան լրագրողների հարցի՝ Չարչյանը ասել էր, թե երկու գիշեր հանգիստ է քնել, ու դա, ըստ դատախազի, հազիվ թե վկայի առողջական վիճակի վատթարացման մասին:
Ըստ դատախազի՝ անազատության մեջ Արմեն Չարչյանի նկատմամբ դրսևորվում է օրենքով սահմանված պատշաճ վերաբերմունք: Դատախազը նաև նորմալ է համարում, որ անազատության մեջ սթրեսից անձի վիճակը կարող է փոխվել, որովհետև, ըստ մեղադրող կողմի, անազատության մեջ գտնվող ցանկացած մարդու մոտ էլ սթրես լինում է:
«Անհիմն և անտրամաբանական է առողջական վիճակի որևէ փոփոխություն կապել անազատության մեջ գտնվելու հետ, հիմնավորված ձևով պնդել, որ առկա է նոր հանգամանք, որը հիմք է տալիս դատարանին փոփոխելու ընտրված խափանման միջոցը, և ավելի քան հիմնավոր է մեր այն պնդումը, որ նշված հարցերի պատասխանը հնարավոր է ստանալ միայն ու միայն համապատասխան փորձաքննություն նշանակելուց և եզրակացությունը ստանալուց հետո»,- ասաց դատախազ Մարգարյանը:
Հիշեցնենք, որ մեղադրական եզրակացության համաձայն՝ «Արմեն Չարչյանը մեղադրվում է, որ որպես «Իզմիրլյան» բժշկական կենտրոն ՓԲԸ գործադիր տնօրեն, նույն բժշկական կենտրոնի աշխատակիցներին հարկադրել էր մասնակցել 2021թ. հունիսի 20-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին, չքվեարկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին, այլ քվեարկել «Հայաստան» դաշինքի օգտին, և ըստ մեղադրանքի՝ դա կատարել է՝ օգտվելով աշխատակիցների՝ իրենից ծառայողական կախվածություն ունենալու հանգամանքից։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում