Պարոն Չարչյանի առողջական վիճակը շատ վատ է, շնչում է սարքերի օգնությամբ. փաստաբան
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում (Ավան և Նոր Նորք նստավայր)՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, այսօր կայացավ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Իզմիրլյան» ԲԿ նախկին ղեկավար Արմեն Չարչյանի գործով հրատապ դատական նիստը:
Արմեն Չարչյանի առողջական վիճակով պայմանավորված՝ նրա պաշտպանը միջնորդել է հրատապ նիստ հրավիրել ու քննել պատգամավորի նկատմամբ կիրառված կալանավորումն այլ խափանման միջոցով փոխարինելու միջնորդությունը:
Չարչյանի շահերի պաշտպան, փաստաբան Էրիկ Ալեքսանյանը դատարանին ներկայացրեց իր պաշտպանյալի բժշկական հետազոտությունների արդյունքները, որոնք ներառված էին միջնորդության մեջ, ապա հայտնեց, որ Արմեն Չարչյանի նկատմամբ պատշաճ և արդյունավետ բժշկական օգնություն և սպասարկում անազատության պայմաններում իրականացնել հնարավոր չէ:
«Իսկապես պարոն Չարչյանի առողջական վիճակը շատ վատ է… Շնչառությունը գտնվում է շատ վատ վիճակում, համապատասխան սարքերով է նա շնչում, անկողնուց գրեթե վեր չի կենում: Իսկապես առողջական վիճակը շատ վատ է: Առողջական վիճակը այդ աստիճան վատ չլիներ, մենք մեկ ամիս չէինք պնդելու, որպեսզի հրատապ նիստ հրավիրվի և խափանման միջոցի փոփոխման հարց քննարկվի»,- ասաց Էրիկ Ալեքսանյանը:
Փաստաբանի խոսքով՝ եթե այժմ դատախազությունը միջնորդի փորձաքննություն իրականացնել, դրա իրականացման համար որոշակի ժամանակ կպահանջվի, ինչը կարող է վատթարացնել Արմեն Չարչյանի առողջական վիճակը: Ալեքսանյանը նաև անդրադարձավ Մանվել Գրիգորյանի հարցին, նշեց, որ Մ. Գրիգորյանը մահացավ ուշացած արդարադատության պատճառով, քանի որ դատարանները պաշտպանների ներկայացրած էպիկրիզները հիմք չէին ընդունել ու դրան չէին վերաբերվել հավաստիության կանխավարկածով:
Փաստաբանը դատարանին ներկայացրեց «Իզմիրլյան» ԲԿ աշխատակիցների և մի շարք արվեստագետների (Հրանտ Թոխատյան, Նազենի Հովհաննիսյան և այլն) դիմումները՝ ուղղված դատարանին, Չարչյանի առողջական վիճակը պատշաճ գնահատելու խնդրանքով:
Պաշտպանը միջնորդեց Չարչյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինել, նշեց, որ պատրաստ են 20 մլն դրամից սկսած ցանկացած գումար վճարել, միայն թե Չարչյանը գտնվի ազատության մեջ:
Մեղադրական եզրակացության համաձայն՝ «Արմեն Չարչյանը մեղադրվում է, որ որպես «Իզմիրլյան» բժշկական կենտրոն ՓԲԸ գործադիր տնօրեն, նույն բժշկական կենտրոնի աշխատակիցներին հարկադրել է մասնակցել 2021թ. հունիսի 20-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին, չքվեարկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին, այլ քվեարկել «Հայաստան» դաշինքի օգտին, և ըստ մեղադրանքի՝ դա կատարել է՝ օգտվելով աշխատակիցների իրենից ծառայողական կախվածություն ունենալու հանգամանքը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում