ՌԴ-ն հերթական անգամ խմբագրեց իր մեսի՞ջը. Ինչո՞ւ Կոսոբոկովին փոխարինեցին
Սեպտեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել էր Արցախում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի նորանշանակ հրամանատար, գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովին:
Մոտ երկու շաբաթ անց՝ այսօր, ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ՌԴ ազգային հերոս, գեներալ-լեյտենանտ Գենադի Անաշկինին, որը պիտի Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի հրամանատարի պաշտոնում փոխարինի Կոսոբոկովին: Ասում են, թե Կոսոբոկովին նոր պաշտոն են պատրաստել՝ ավելի բարձր, մեկ այլ տեղեկությամբ՝ նա համատեղության կարգով էր զբաղեցնում Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի գլխավոր խաղաղապահի պաշտոնը՝ հանդիսանալով Վլադիկավկազում տեղակայված 58-րդ համազորային բանակի հրամանատարի տեղակալ: Գուցե, բայցև չի բացառվում, որ Կոսոբոկովին փոխարինող գտան նաև այլ պատճառով:
168.am-ը գրել էր, որ Կոսոբոկովի թեկնածությունը Կրեմլը Բաքվի հետ չի քննարկել և նրա նշանակման մասին ադրբեջանական կողմն իմացել է հայկական լրատվամիջոցներից, ՀՀ ՊՆ պաշտոնական հաղորդագրությունից, ուստի դրանից հետո Ադրբեջանի ՊՆ-ում գեներալ Կոսոբոկովը «սառն» ընդունելության էր արժանացել, ընդ որում՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ նրա հանդիպումից անգամ պաշտոնական լուսանկար ադրբեջանական կողմը չէր հրապարակել:
«Ատլաս» քաղաքական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Էլխան Շահինօղլուն ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ակնարկել է, որ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարի պաշտոնում գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովի նշանակումը ՌԴ-ից մեսիջ էր՝ ուղղված Ադրբեջանին՝ հաշվի առնելով, որ ռուս գեներալը զբաղեցրել է 58-րդ համազորային բանակի (Հարավային ռազմական օկրուգ) հրամանատարի տեղակալի պաշտոնը, և հատկապես եղել է Աբխազիայում ռուսական ռազմական բազայի հրամանատարը։ Իսկ Աբխազիան, ինչպես հիշեցնում է քաղաքագետը, Ադրբեջանը ճանաչել է՝ որպես Վրաստանի տարածք:
Ասել կուզեն՝ Կրեմլը նախապատվությունը տվել է ոչ թե տարածքային ամբողջականության, այլ ազգերի ինքնորոշման սկզբունքին։
Այո, սկզբում հենց այսկերպ ընկալվեց Կոսոբոկովի նշանակումը, բայց արի ու տես, որ ՌԴ-ն, ըստ էության, հերթական անգամ ադրբեջանական կողմին ինչ-որ մեսիջ հասցեագրելուց հետո, ի վերջո, ընդառաջ գնաց նրա «քմահաճույքին» այնպես, ինչպես նախ «տեխնիկական վրիպումով» ՌԴ պետական գնումների մասին կայքում ՌԴ ՊՆ-ն «ճանաչեց» Արցախի անկախությունը, այնուհետ մոտ 20 օր հետո խմբագրեց իր մեսիջը՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» եզրույթը փոխարինելով «ՌԴ սահմաններից դուրս» ձևակերպմամբ:
Հիշեցնենք, որ ՌԴ պետական գնումների մասին կայքում՝ zakupki.gov.ru, երկրի պաշտպանության նախարարությունը հայտ էր ներկայացրել հետևյալ ձևակերպմամբ.
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում տեղակայված ռազմական ավանների զորանոցային-բնակարանային ֆոնդի կազմակերպման, համալիր սպասարկման ծառայությունների մատուցման համար»:
Կայքում հայտը հրապարակվել էր 2021 թվականի օգոստոսի 13-ին, սակայն ադրբեջանական լրատվամիջոցները և տելեգրամյան ալիքներն այն ավելի ուշ շրջանառության մեջ դրեցին, իսկ հայկական լրատվամիջոցների անդրադարձից հետո Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտա հղեց Մոսկվային՝ երկրի կառավարության միասնական տեղեկատվական համակարգի կայքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն եզրույթն օգտագործելու համար:
Ադրբեջանական լրատվամիջոցները նշել էին, որ ռուսական կողմը դա բացատրել է՝ «որպես տեխնիկական վրիպակ», որը, փաստորեն, մոտ մեկ ամիս աչքաթող էր արվել և առնվազն մինչև սեպտեմբերի 3-ը չէր վերացվել:
Հավելենք, որ Արցախում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի նորանշանակ հրամանատար, ՌԴ ազգային հերոս, գեներալ-լեյտենանտ Գենադի Անաշկինինը մասնակցել է Չեչնիայի պատերազմներին ու Հարավային Օսիայի հակամարտությանը։