
Յուրաքանչյուր մեքենա ենթարկվում է զննման․ խաղաղապահները Լաչինի միջանցքով ապահովել են 65.000 մեքենայի և 230.000 մարդու անվտանգ տեղաշարժը

Ռուս խաղաղապահները տեղակայման օրվանից Բերձորում ապահովել են 65 հազար մեքենաների անվտանգ երթևեկությունը դեպի Լեռնային Ղարաբաղ և հակառակ ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները 2020 թվականի նոյեմբերից ապահովել են մոտ 65 հազար ավտոմեքենաների և ավելի քան 230 հազար մարդու տեղաշարժի անվտանգությունը։ Շուրջօրյա ռեժիմով խաղաղապահները վերահսկում են նաև պարենի և տարբեր ապրանքների անվտանգ փոխադրումը դեպի Արցախ և հակառակ ուղղությամբ։
Ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Վասիլի Դավիդովը հայտնել է, որ անձնակազմը վերահսկում է հրադադարի ռեժիմի պահպանումը, շուրջօրյա ռեժիմով իրականացնում է տրանսպորտային միջոցների անցագրային հսկողությունը Լաչինի միջանցքով։
«Յուրաքանչյուր մեքենա ենթարկվում է զննման։ Եթե կասկած է հարուցում, զինծառայողներն ավելի հանգամանորեն են զննում: Մեկ օրվա ընթացքում շուրջ 200 ավտոմեքենա է անցնում»։
Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները ամրաշինական կառույցներով հագեցած դիտակետերում պլանային կարգով անցկացնում են մարտական պատրաստության պարապմունքներ, ինչպես նաև խախտումների և հնարավոր հարձակման կասեցման վարժանքներ: