Ո՛չ ազնիվ են բնակչության հետ, ո՛չ էլ անկեղծ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Հայաստանում պատվաստումների թեման կրկին բուռն քննարկումների առարկա է դարձել։ Ճիշտ է՝ ներկայիս պայմաններում պատվաստումը մնում է համավարակի դեմ պայքարի՝ գիտնականների կողմից առաջարկվող փաստացի միակ միջոցը, սակայն խնդիրը կապված է հայաստանյան իշխանությունների կողմից նախաձեռնված կարգի հետ, որը խիստ սահմանափակումներ է նախատեսում և ուժի մեջ է մտնելու հոկտեմբերի 1-ից։

Ըստ էության, առողջապահության նախարարությունն այնպիսի պայմաններ է ստեղծում աշխատողների ու գործատուների համար, որ պատվաստումն, ըստ էության, պարտադիր է դառնում։ Անվճար պատվաստման այլընտրանքը ամսվա ընթացքում երկու ՊՇՌ թեսթ հանձնելն է, որը մեր պայմաններում բավական թանկ է, իսկ մարդկանց եկամուտները Հայաստանում շատ ցածր են։ Մյուս կողմից էլ, եթե քաղաքացիները չեն պատվաստվում, ապա նրանք կանգնելու են իրենց աշխատանքը կորցնելու վտանգի առաջ, կամ էլ գործատուն անընդհատ տուգանվելու է։ Այնինչ, Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում իրեն թույլ է տալիս հայտարարել, թե մարդկանց համար ամենևին որևէ լրացուցիչ ծախս չի սահմանվում:

«Քաղաքացին ինքն է ընտրում՝ ծախս անի՞, թե՞ չանի»,- ասել է նա, ինչը սոցցանցերում առավելապես որակվել է որպես հերթական ծաղր հանրության նկատմամբ: Բայց սա Փաշինյանն է, ուրեմն նման բաներից զարմանալ պետք չէ, նա միշտ է ծաղրում ժողովրդին: Մյուս կողմից՝ պատվաստման վերաբերյալ իշխանությունների այս պարտադրանքը իրավաբանական համայնքի տարակուսանքն է առաջացնում։ Նախ՝ հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող որոշումը համարվում է ոչ միայն հակաժողովրդավարական, այլև, ըստ իրավաբանական հանրության, հակասում է օրենքներին և Սահմանադրությանը։ Սակայն դա իշխանություններին ամենևին չի հետաքրքրում:

Ու դա զարմանալի չէ. այս իշխանությունները երեք տարի շարունակ հենց այսպիսի մոտեցումներով են առաջնորդվել՝ մեծամասամբ ուղղակի թքած ունենալով օրենքների ու օրինականության վրա, կարևորը իրականություն դարձնեն իրենց քաղաքական նպատակադրումները։ Մյուս կողմից էլ՝ առողջապահության նախարարի այս հրամանը, բժիշկներից շատերի կարծիքով, հիմնավորված չէ նաև մասնագիտական առումով։ Օրինակ՝ պատասխան չկա, թե ինչո՞վ է պայմանավորված անհրաժեշտությունը, որպեսզի վարակված և իմունիտետ ձեռք բերած մարդը պատվաստվի։ Մանավանդ, որ դեռ հստակ էլ չէ՝ բնական իմունիտետը ստեղծվածի հետ համատեղելու արդյունքում ինչ ազդեցություն կարող է առաջ գալ։

Բացի այդ, պատվաստումը երաշխիք չէ, որ դրանից հետո մարդիկ չեն վարակվելու կորոնավիրուսով։ Նույնիսկ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն է խոստովանում, որ պատվաստումը վարակվելու ռիսկը չի բացառում։ Եվ այս առումով պատահական չէ, որ անգամ պատվաստման շատ բարձր տոկոս ունեցող մի շարք երկրներում համավարակի տարածումը ոչ միայն չի դադարել, այլև նոր թափ է ստացել։ Այդ դեպքում նաև հարց է առաջանում՝ եթե պատվաստված անձինք կարող են վարակվել ու վարակել, ապա ինչու նրանցից չի պահանջվում պատվաստվելուց հետո ՊՇՌ թեստ հանձնել։ Մարդիկ էլ կան, որոնց առողջական և այլ պատճառներով հակացուցված է պատվաստումը, ինչո՞ւ պետք է նրանց ևս պարտադրել պատվաստումը։ Մի խոսքով, բազմաթիվ հարցեր կան, որոնց պատասխանը պարզապես չկա: Փոխարենը կա պարտադրանք ու վերջ…

Ու տպավորություն է ստեղծվում, որ կառավարությունը առաջնորդվում է միայն առողջապահական կազմակերպություններին պատվաստման բարձր ցուցանիշ ներկայացնելու մոտեցումով, իսկ թե ինչ կլինի քաղաքացիների հետ, իշխանավորներին այնքան էլ չի հետաքրքրում։ Իսկ ինչո՞ւ հասանք այս վիճակին: Ամբողջ հարցն այն է, որ իշխանությունները ոչ միայն ամբողջովին տապալեցին կորոնավիրուսի դեմ պայքարը, այլև չեն կարողանում հանրությանը հստակ իրազեկել պատվաստման առավելությունների մասին։

Փոխարենը առողջապահության ոլորտի կառավարման պատասխանատուներն այնպիսի իրարամերժ տվյալներ են հայտնում համավարակի, դրա դեմ պայքարի ու պատվաստման մասին, որ մարդիկ այլևս չեն հավատում ոչ մի տեղեկատվության և ավելի շատ առաջնորդվում են միֆերով։ Եվ, ըստ էության, ստացվում է, որ հանրությանը գիտական հիմք ունեցող տեղեկատվությամբ զինելու, իրազեկելու ու պատվաստման հարցը մարդկանց որոշմանը թողնելու փոխարեն, իշխանությունները գործի են դնում հերթական պարտադրանքը, որի արդյունքում պատվաստումների քանակը ոչ միայն չի ավելանալու, այլև մարդկանց շրջանում հակառեակցիայի պատճառ է դառնալու, և նրանք հրաժարվելու են պատվաստվել։

Հ.Գ. Երեկ հայտնի դարձավ, որ ընդդիմությունը դիմելու է Սահմանադրական դատարան՝ վիճարկելու առողջապահության նախարարի՝ օգոստոսի 26-ի հրամանը: Այս մասին տեղեկացրել է ԱԺ պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ հավելելով, որ ԱԺ պատգամավորների 1/5-ի ստորագրություններն արդեն առկա են»:

Տեսանյութեր

Լրահոս