Զորավարժությունների ուղերձներից մեկն էլ հայ-իրանական սահմանի անվտանգության խնդիրն է. Իրանագետ

Իրանի զինված ուժերը լայնածավալ զորավարժություններ են նախատեսում Արաքս գետի հովտում. իրանագետները տեղեկացնում են` պարսկալեզու որոշ հրապարակումներում նույնիսկ քննարկվում է Ադրբեջանի դեմ հնարավոր պատերազմի պարագայում Իրանի գործողությունների սցենարը՝ Բաքվին՝  Թուրքիայի և Պակիստանի աջակցության պայմաններում։

Իրանագետ Ահարոն Վարդանյանը 168.am-ի հետ զրույցում  անդրադառնալով այս զորավարժությունների հիմնական ուղերձներին՝ մանրամասնեց.

«Հաշվի առնելով տարածաշրջանում ընթացող իրադարձությունները և  Ադրբեջանի, Թուրքիայի ու  Պակիստանի կողմից «Երեք եղբայրներ» խորագրով զորավարժությունների անցկացումը, բացի այդ՝ Կասպից ծովում թուրք-ադրբեջանական զորավարժությունների անցկացումը, ինչը մեծ դժգոհություն  առաջացրեց Իրանում (իրանական կողմն արձագանքեց, որ դա պայմանավորվածությունների խախտում է, քանի որ Կասպից ծովում զորավարժություններ անցկացնելու իրավունք ունեն միայն Կասպից ծովի առափնյա երկրները, իսկ Թուրքիան առափնյա երկիր չէ)՝  այս զորավարժությունները կարելի է դիտարկել՝ որպես այս ամենին ի  պատասխան:

Այս քայլերը տարածաշրջանում ուղղակիորեն հարվածում են իրանական շահերին, և Իրանն այս  զորավարժություններով ցույց է տալիս, որ նա տարածաշրջանում կա,  իր հյուսիսային սահմաններն անվտանգ են, և չի հանդուժի որևէ ոտնձգություն սահմանների երկայնքով:

Բացի այդ՝ զորավարժությունների ուղերձներից մեկն էլ հայ-իրանական սահմանի անվտանգության խնդիրն է, նաև վստահեցումը, որ Իրանը չի հանդուժելու իր բեռնատարների, ավտոմեքենաների, ընդհանրապես իր բնակիչների, քաղաքացիների նկատմամբ անհարգալից վերաբերմունքը»:

Իրանագետն ուշադրություն հրավիրեց հանգամանքի վրա, որ զորավարժությունների մասին չեն եղել պաշտոնական հայտարարություններ, իսկ քարոզչական հատվածում ակտիվացել են Իրանի և Ադրբեջանի միջև փոխհարձակումները:

Ահարոն Վարդանյանը նկատեց՝ լարվածության հետևում պետք է փնտրել Թուրքիային. «Այստեղ ամեն ինչ թելադրվում է Թուրքիայի կողմից, և այս գործողությունների հետևում Թուրքիայի ականջներն են:

Ի դեպ, Իրանում նկատում են նաև, որ իրանական բեռնատարների առջև ճանապարհը փակելը ևս ուղղված է առաջին հերթին Իրանի դեմ, սակայն այնպես չէ, որ Ալիևն ինքն իրեն կարողանում է նման որոշումներ կայացնել, քանի որ հասկանում է դրա պատասխանատվությունը. առճակատման գնալ Իրանի հետ՝ միայնակ որոշում կայացնելով, չունենալով որևէ  մեծ պետության աջակցություն, այդ երկրի համար ինքնասպանության նման մի բան կլիներ»:

Հարցին, թե որը պետք է լինի Հայաստանի դիրքորոշումն այս պահին՝ հաշվի առնելով հանգամանքը, որ ադրբեջանական սադրիչ գործողություններին անմիջապես ականատես ենք լինում նաև ՀՀ տարածքում, Ահարոն Վարդանյանը պատասխանեց. «Հայաստանի դիրքորոշումը պարզ է. բնականաբար, եթե մի երկրի տարածքում ինչ-որ երրորդ երկիր ճանապարհը փակում է, ապա այդ երկրի պատասխանը, դիրքորոշումը պետք է լինի ճանապահը փակող երկրին իր տեղը ցույց տալը: Այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող»:

Նկատենք՝ ՀՀ պաշտոնական շրջանակներն անդրադառնալով իրանական բեռնատարների շուրջ առաջացած խնդրին՝  բավարարվել են միայն ոչ հստակ, ենթադրական ձևակերպումներով: Մասնավորապես, վերջերս ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիր պատգամավորներից մեկի հարցին ի պատասխան՝ հայտարարել էր.

«2020-ի դեկտեմբերին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այդ ճանապարհը անարգել կերպով պետք է օգտագործվի ՀՀ տրանսպորտային միջոցների և բեռների տարանցման համար: Ենթադրում եմ՝ քանի որ այդ պայմանավորվածության մեջ չի ֆիքսվել նաև օտարերկրյա բեռների հանգամանքը, տվյալ իրավիճակում Ադրբեջանը կիրառում է այդ միջոցը, թերևս, ի պատասխան մեր այն հայտարարությունների, որ թե՛ նոյեմբերի 9-ի, թե՛ հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների մեջ հիշատակված չէ ՀՀ տարածքով միջանցք տրամադրելու վերաբերյալ դրույթը»:

Հիշեցնենք` օգոստոսին ադրբեջանական ԶՈւ-ն երեք օր շարունակ փակել էր Գորիս-Կապան ճանապարհահատվածը, իսկ սեպտեմբերի 12-ի ժամը 12։00-ից սկսած՝ Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ բացած իրենց ոստիկանական կետում ադրբեջանցիները սկսեցին ստուգել իրանական պետհամարանիշերով բեռնատարների վարորդների փաստաթղթերն ու բեռները, ապա պահանջել  մաքսատուրք վճարել։

Տեսանյութեր

Լրահոս