«Կարծում եմ՝ ոչ ոք դեմ չէր լինի, եթե Անկախությունը նշեին զուսպ ձևով՝ նկատի ունենալով այն ընտանիքների դրությունը, որոնք մինչ օրս էլ չեն իմանում՝ իրենց զավակները ո՞ղջ են, թե՞ ոչ…». Հարութ Սասունյան
Մինչ հայրենի իշխանություններն անվրդով շարունակում են նախապատրաստվել Անկախության 30-ամյա հոբելյանին նվիրված «գունագեղ ու մասշտաբային» միջոցառմանը, զոհվածների, գերեվարվածների և անհետ կորածների հարազատներն ակցիաներով հիշեցնում են՝ օրը պետք է նշվի, սակայն ինքնախաբեություն է նման մասշտաբային միջոցառում կազմակերպելը։
Ինչ խոսք, սգացող երկրում «գունագեղ» տոնակատարություն կազմակերպելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն արտառոց էր, իսկ հետագայում այդ հայտարարությունը ձևակերպելու բոլոր փորձերը՝ ապարդյուն:
Հիշեցնենք՝ Ն․ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել էր. «Մենք որոշում ենք կայացրել, որ ՀՀ անկախության 30-րդ տարեդարձը պետք է պատշաճ ձևով նշվի: Եվ ուզում եմ ասել, որ սեպտեմբերի 21-ին Երևանի Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու մասշտաբային և գունագեղ տոնակատարություն, և այդ տոնակատարությունը, իհարկե, առաջին հերթին նվիրված է լինելու ՀՀ անկախության, ինքնիշխանության, անվտանգության և Արցախի համար իրենց կյանքը զոհած մեր նահատակների հիշատակին»:
Ավելի ուշ՝ Ազգային ժողովում նա վերախմբագրել էր իր խոսքը՝ նկատելով. «Բայց նաև կա այլ խնդիր՝ Հայաստանի Հանրապետությունը 30 տարեկան է, և եթե մենք այդ միջոցառումն անենք ՀՀ դրոշներով, իսկ պետական տոնը պետք է նշվի դրոշներով, տեսեք՝ մեր դրոշի գույները շատ վառ գույներ են:
Ես ուզում եմ ասել, որ նախատեսվող միջոցառման առանցքը հենց մեր նահատակների հիշատակի ընդգծումն է, և ուզում եմ ասել, որ նախատեսվում է, որ սեպտեմբերի 21-ին հայտարարվելու է ՀՀ-ի անկախության և Արցախյան երեք պատերազմներում և ընդհանրապես պատերազմից դուրս մարտական հերթապահության ընթացքում իրենց կյանքը զոհած մեր եղբայրների և քույրերի հիշատակը հավերժացնող մի մասշտաբային նախագծի մեկնարկի մասին, որի շուրջ մենք աշխատանքային քննարկումներ իրականացնում ենք արդեն շուրջ 6 ամիս»:
Ամերիկահայ հասարակական գործիչը, «Կալիֆոռնիա Կուրիեր» (The California Courier) թերթի գլխավոր խմբագիր և հրատարակիչ Հարութ Սասունյանն անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը հաջորդած արդարացի վրդովմունքին՝ նկատեց.
«Իմ կարծիքով՝ վարչապետի հայտարարությունն ու իր բառակապակցությունը սխալ էին: Անշուշտ, պետք է նշել ՀՀ անկախության 30-ամյակը, բայց պետք է նշել շատ ավելի զուսպ ձևով՝ նկատի ունենալով պայմանները, այն ընտանիքի անդամների դրությունը, որոնք մինչ օրս էլ չեն իմանում՝ իրենց զավակները ո՞ղջ են, թե՞ ոչ, գերի են, կորած են… Շատ վիրավորական է, որ վարչապետն այսպիսի ծայրահեղ և անտեղի արտահայտություն է արել՝ «գունագեղ տոնակատարություն»:
Կարծում եմ՝ ոչ ոք դեմ չէր լինի, եթե անկախությունը նշեին զուսպ ձևով, խորհրդածություններով, արժևորումներով՝ առանց այսքան աղմուկ բարձրացնելու և առանց վիրավորանք հասցնելու մեր հերոս զինվորների ընտանիքներին»:
Հարութ Սասունյանը նկատեց, որ թեև Նիկոլ Փաշինյանը «հռետորաբանության հատուկ շնորհք ունի», սակայն առաջին անգամը չէ, որ աչքի է ընկնում նման արտառոց հայտարարություններով:
Ըստ նրա՝ նման պահվածքը մեծ բացթողում է երկրի ղեկավարի համար, իսկ դրա պատճառները՝ իրրն շրջապատող մասնագետների խորհուրդներն անտեսելը:
Ամերիկահայ հասարակական գործիչն անդրադարձավ նաև միջոցառման ֆինանսական կողմին․ «Տեղեկություններ կան, որ վարչապետը որոշել է այս շքեղ տոնակատարությանը հատկացնել 1 միլիարդ դրամ, ինչը բավական մեծ գումար է մեր երկրի համար, որն այսօր շռայլ ծախսերի իրավունքը և կարողությունը չունի. այդ մեկ միլիարդ դրամը կարելի էր օգտագործել այլ կարևոր պահանջների համար, օրինակ, հիվանդներին, վիրավորներին բժշկական օգնություն ցուցաբերելու համար, պետպատվերով այդ հիվանդներին խնամելու համար»: