Բաժիններ՝

«Սուպեր» մակնշմամբ բենզինի 1 լիտրի գինը դարձել է 620 դրամ, Երևանում հեղուկ գազ ընդհանրապես չկա. Վարորդները՝ տաքսու գնի բարձրացման մասին

Օնլայն տաքսի ծառայությունների գները հունիսից բարձրացել են, ու կարծես թե նվազման միտումներ չկան: 1 կմ-ի համար մարդիկ նախկին 300-600 դրամի փոխարեն՝ ստիպված վճարում են 1000-1400 դրամ:

Կարծիք կա, որ դա պայմանավորված է խցանումներով, վառելիքի համաշխարհային գներով, վարորդների քիչ լինելու հանգամանքով և այլն:

«Պատճառներից մեկը վառելիքի թանկացումն է, պահանջարկն է շատ մեծ դարձել: Ամեն ինչի մեծ պահանջարկն էլ թանկ է լինում»,- մեզ հետ զրույցում ասաց «Yandex» տաքսու վարորդներից մեկը:

«Մեքենաները քիչ են, պահանջարկն էլ շատ է: Իրականում ամեն ինչն է թանկացել, ոչ միայն տաքսին: Օրինակ, վերնաշապիկը, որ գնում էի 8000 դրամով, հիմա 13․000-14․000 դրամով եմ գնում: «Սուպեր» մակնշմամբ բենզինի 1 լիտրի գինը դարձել է 620 դրամ՝ թանկանալով 60 դրամով: Դոլարն իջավ՝ գազի գինը մնաց նույնը: Երևանում հեղուկ գազ ընդհանրապես չկա: Տարբեր մասնագիտությունների հաճախորդներ ունենք, մեկին ասում եմ՝ լավ հոգեբան եք, հիմա ես որ գամ Ձեզ մոտ, եթե կես ժամ լսեք ինձ, փորձեք օգնել, ինչքա՞ն եմ վճարելու, պատասխանում է, թե՝ կես ժամը՝ 10.000 դրամ: Երեխային տանում եմ փչովի խաղահրապարակ՝ 15 րոպեն արժեք 2000 դրամ: Դեռ չմտած՝ 2000 դրամը չկա: Մի կես ժամ մնա՝ 4000 դրամ միայն սրա համար կծախսվի: «Երևան պարկի» մասին էլ չեմ խոսում, եթե կնոջս ու երեխայիս հետ գնամ՝ 40.000 դրամ պետք է ծախսենք, որովհետև մուտքը 12․500 դրամ է: Տաքսու գինը բարձրացել է, բայց պահանջարկը շատ է: Ժողովրդի ձեռքը լավ էլ փող կա, մոլերում լիքն են մարդիկ»,- նշեց GG տաքսու վարորդը:

Հայաստանի տաքսի ծառայությունների ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանից հետաքրքրվեցինք՝ հնարավոր համարո՞ւմ է, որ տաքսիների հետ կապված խնդիրը լուծվի այն ժամանակ, երբ ունենանք նորմալ քաղաքային տրանսպորտ։

«Իմ ամենամեծ մտավախությունը եղել և մնում է այն, որ այդ նույն օնլայն տաքսիները հանկարծ քաղաքում տրանսպորտի տեր չդառնան: Երբ նոր էին մուտք գործում շուկա՝ տեղեկություն կար, որ իրենց նպատակը հենց դա էր, որ ամբողջ տրանսպորտն իրենցը լինի՝ տաքսի, ավտոբուս, տրոլեյբուս․․․ Սա ամենավտանգավոր սցենարն է, որ կարող է լինել: Բայց այն, որ տաքսու պահանջարկը մեծացել է, քանի որ քաղաքային տրանսպորտ չունենք, դա փաստ է»,- պատասխանեց նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս