
Հայաստանի և Իրանի ալպինիզմի ֆեդերացիաները փոխհամագործակցության հուշագիր են ստորագրել

Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիան և Իրանի ալպինիզմի և սպորտային մագլցման ֆեդերացիան փոխհամագործակցության հուշագիր են ստորագրել:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Սուրեն Դանիելյանը: Վերջինս շեշտեց, որ Իրանի ալպինիզմի ֆեդերացիան առաջին ֆեդերացիան էր, որ սկսեց համագործակցությանը հայկականի հետ դեռ այն ժամանակ, երբ Հայաստանի ֆեդերացիան նոր-նոր էր կայանում:
«Մեր համագործակցությունը հիմնված է փոխադարձ հարգանքի վրա, որի սկիզբը դրվել էր դեռևս տարիներ առաջ, քանի որ Իրանի ֆեդերացիայի անդամներ եղել են շատ հայեր»,- ասել է նա:
Ֆեդերացիայի նախագահի խոսքով` փոխգործակցության նոր հուշագրով նախատեսվում է իրականացնել համատեղ փրկարարական աշխատանքներ, փոխադարձ ուսումնական ծրագրեր: