
Դեսպան Կոպիրկինը գոհ է ՌԴ Պետդումայի՝ Հայաստանում անցկացվող ընտրությունների ընթացքից

Ռուսաստանի Դաշնության ութերորդ գումարման Դաշնային ժողովի Պետական դումայի ընտրությունները անցկացվում են նաև Հայաստանում։ Լրագրողների հետ զրույցում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը նշել է , որ, ընդհանուր առմամբ. Հայաստանում ստեղծվել է 6 ընտրատեղամաս՝ ՌԴ դեսպանատանը, «Էրեբունի» օդանավակայանում և Գյումրիում, որից մեկը՝ ՌԴ գլխավոր հյուպատոսարանում և երեքը՝ ռուսական 102-րդ ռազմական բազայում։
«Քվեարկությունը բնականոն ընթանում է։ Ռուսաստանի օրենսդրության համապատասխան ձեռնարկվել են բոլոր անհրաժեշտ միջոցները ՌԴ քաղաքացիների ազատ կամարտահայտությունը ապահովելու համար»,- ասել է ՌԴ դեսպանը։
Կոպիրկինը քաղաքացիների ակտիվությունը նորմալ է գնահատում։ Ըստ դիվանագետի՝ ՌԴ դեսպանատան ընտրատեղամասում շուրջ 300 քաղաքացի արդեն իսկ քվեարկել է։
ՌԴ դեսպանի խոսքով՝ Երևանում և Գյումրիյում հաշվառված են շուրջ 20 հազար ՌԴ քաղաքացի, սակայն յուրաքանչյուր ոք, ով ունի ՌԴ անձնագիր կարող է գալ և մասնակցել քվեարկությանը։