Երբ դիզայն եմ անում շատ հատուկ տեսարանի համար, և հանդիսատեսը նկատում է, դա ինձ համար ամենամեծ մրցանակն է. Միքայել Շարաֆյան

Ամերիկյան ֆիլմերի հայազգի կոստյումեր Միքայել Շարաֆյանն ընտանիքի հետ Հայաստանում է. այս անգամ նա ուզում է փոքրիկ դստերը ցույց տալ իր ծննդավայրը:

«Իմ ստեղծագործական կյանքն ԱՄՆ-ում բավականին ակտիվ է անցնում, և լավ առիթ էր պոկվել, փոքր-ինչ դադարեցնել, գալ Հայաստան և մի քիչ հանգստանալ: Նախևառաջ ուզում էի փոքրիկիս ցույց տալ Երևանը, Հայաստանը»,- 168.am-ի հետ զրույցում նշում է հայազգի դիզայները:

Միքայելի համար աշխատանքն ու ընտանիքը մեկ ամբողջություն է. ասում է՝ կինն իրեն հաճախ նույնիսկ ասիստենտություն է անում աշխատանքում.

«Չեմ կարող առանձնացնել ընտանիքը և ստեղծագործական կյանքը, քանի որ, կարծես, մեկ ընտանիք են դարձել. կինս ևս հասկանում է և ինձ քաջալերում, նույնիսկ հաճախ, երբ պետք է տարբեր հագուստներ ձեռք բերեմ, ինքն էլ է ինձ հետ լինում և ինձ, կարելի է ասել, ասիստենտություն է անում»:

Թե ո՞րն է ամենակարևոր մրցանակը ստեղծագործողի համար և թե ի՞նչն է ստեղծագործելիս ներշնչում նրան՝ հարցերին ի պատասխան՝ զգեստների հայ քանդակագործն անկեղծանում է.

«Սիրում եմ բոլոր ժանրերը, և ինձ համար առաջնայինը կերպարն է: Երբ կարդում եմ սցենարը ու տեսնում եմ, որ այն ինձ հոգեհարազատ է, և ես կարող եմ այնտեղ ինչ-որ լուծում տալ, միանգամից հետաքրքրում է: Ամեն մի լավ պատմություն ինձ համար հետաքրքիր է:

Իսկ երբ դիզայն եմ անում շատ հատուկ տեսարանի համար, և հանդիսատեսը նկատում է, դա ինձ համար ամենամեծ մրցանակն է. ուրեմն ես կարողացել եմ ստանալ այն, ինչ ուզում եմ» :

Հայազգի դիզայները համագործակցում է համաշխարհային արտիստների հետ:

Նա հագուստներ է ձևավորել բազմաթիվ գեղարվեստական ֆիլմերի՝ այդ թվում՝ «2001 Maniacs: Field of Screams», «Snitch», «Betrayal», «Abducted», «Vigilante Diaries», «Cuck», տեսահոլովակների («Disasteroid», «Gold n’Honey»), բալետի («The Nutcracker») մյուզիքլի («Moulin Rouge») ներկայացումների համար:

Ի դեպ, նա 2011 թվականին Հոլիվուդի Լոսանջելեսյան կինոփառատոնում արժանացել է «Լավագույն կոստյում դիզայն» մրցանակին «Disasteroid» երաժշտական հոլովակի համար:

Միքայել Շարաֆյանը ծնվել է արվեստագետների ընտանիքում. հայրն անվանի դերասան Լևոն Շարաֆյանն է, մայրը՝ բալետի նվագակցող Ռուզան Մուրադյանը:

Մեզ հետ զրույցում դիզայները պատմեց, որ թատերական հագուստների նկատմամբ սերն առաջացել է փոքր տարիքում:

«Երբ դեռ շատ փոքր էի. մայրս ինձ հաճախ իր հետ տանում էր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, և ամեն անգամ ներկայացումներից հետո ես նրան խնդրում էի, որ ինձ տանի հանդերձարան, որպեսզի կարողանամ մոտիկից զննել հագուստները»,- հուզմունքով հիշում է դիզայները:

Տեսանյութեր

Լրահոս