Ձեր երեխաների բուկն են կտրելու այն դանակով, որով այսօր քերում են Արցախի դրոշը. Արման Աբովյան
Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքը գործող իշխանությունը հանձնել է թշնամի Ադրբեջանի զինված ուժերին, ուստի հենց դա է նաև պատճառը, որ, երբ ադրբեջանցի զինվորները դանակով քերում են Գորիս-Կապան ճանապարհով երթևեկող հայ երեխաներին տեղափոխող ավտոբուսի վրա փակցված Արցախի դրոշի նկարը, Հայաստանի պատկան կառույցներից՝ բացառությամբ Մարդու իրավունքների պաշտպանի, որևէ մեկը չի աձագանքում։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանցի զինվորների սանձարձակ պահվածքին անդրադառնալով՝ նման տեսակետ հայտնեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քաղխորհրդի անդամ, քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը:
«Հայաստանի իշխանություններն ընտրել են այն ճանապարհը, որն իսպառ դուրս է մղում գործընթացներից մեր ազգային և պետական ցանկացած գործոն։ Դա արել են՝ կարծելով, թե կբերեն ոչ թե պետության, այլ հպարտ քաղաքացու տուն, խաղաղություն, այնինչ Հայաստանի իշխանության բոլոր քայլերը թրքահաճո են։ Այս իշխանությունների թեթև ձեռքով Հայաստանը կորցրել է իր սուբեկտայնությունը, և Հայաստանին առնչվող որևէ հարցի վերաբերյալ ծպտուն չեն կարողանում հանել։ Իրենք մեզ համոզում են, որ Սյունիքն օկուպացրած ադրբեջանական օկուպացիոն ուժերը գործում են միջազգային չափանիշների համաձայն ու դրա համար բերում են ինչ-որ քարտեզներ ու մեզ հիշեցնում ինչ-որ բանավոր պայմանավորվածություններ։ Իսկ, կներեք, ձեր բանավոր պայմանավորվածությա՞մբ պետք է որոշվի՝ Հայաստանի տարածքը տա՞ք թուրքին, թե՞ ոչ։ Իսկ կարելի՞ է հասկանալ, թե ուրիշ էլ ի՞նչ պայմանավորվածություն ունեք»,- ասաց Արման Աբովյանը՝ նշելով որ ունի մտավախություն, որ գործող իշխանությունը չի բավարարվելու միայն Սյունիքի տարածքները Ադրբեջանին հանձնելով, և այդ գործընթացը տարածվելու է նաև Հայաստանի այլ մարզերի վրա։
«Գորիս-Կապանով չի ավարտվելու, որովհետև երբ իրենք հղում են անում խորհրդային քարտեզներին, մազերս բիզ-բիզ են կանգնում։ Կոչ եմ անում Հայաստանի հպարտ քաղաքացիներին այդ քարտեզին ուշադիր նայել ու մտածել՝ իսկ կարո՞ղ է իրենց տները հայտնվեն Ադրբեջանի վերահսկողության տակ»,- ասաց Աբովյանը։
Ըստ նրա՝ Հայաստանի թրքահաճո իշխանությունը Հայաստանին պատկանող սուվերեն տարածքների ադրբեջանական անվանումները տալով՝ մեր քաղաքացիներին ընտելացնում է զիջողական քաղաքականությանը, որովհետև թուրքն ու ադրբեջանցին նրանց համար թշնամի չեն։
Դիտարկմանը, թե երբ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն Ազգային ժողովում ասում է, որ Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանցիների կողմից իրանցի վարորդներին կանգնեցնելն ուղղված է Իրանին, և «դրանք չեն վերաբերում Զանգեզուրից դեպի Հայաստանի տարածքներ տեղաշարժերին», արդյո՞ք դրանով չի արձանագրում, որ իր համար Զանգեզուրը՝ Սյունիքը, Հայաստանի մաս չէ, Արման Աբովյանը պատասխանեց.
«Չգիտեմ, նման ձևակերպումներ անելու համար էլ ի՞նչ նպատակ են հետապնդում, բայց չէ՞ որ մարդիկ, որոնք իրենց ձայն են տվել, չեն ընտրել նրա համար, որ ադրբեջանցիները օկուպացնեն Հայաստանի տարածքները։ Անդրանիկ Քոչարյանը, կարծում եմ, մեսիջ է հղում նման ձևակերպումներով։ Նույն հաջողությամբ էլ կարող է վաղը Երևանին Էրիվան ասեն»,- ասաց Աբովյանը՝ նշելով, որ Հայաստանի շուրջ ընթացող աշխարհաքաղաքական գործընթացներում այս իշխանությունն իր վրա է վերցրել իր բաժին՝ հակահայ, հակապետական պարտավորությունը։
«Բայց թող իմանան, երբ Հայաստանում ամեն ինչ գնա դեպի թրքացման, ոչ ոք չի՛ պլստալու։ Թուրքը փողոցում չի քայլելու՝ ասի՝ ո՞ւմ ես ընտրել. բոլորի գլուխը հավասար է խուզելու։ Էն դանակով, որով քերում են Արցախի դրոշը, այդ դանակով ձեր երեխաների բուկն են կտրելու»,- ասաց Աբովյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում