Տնտեսական գործընթացները որևէ հուսադրող կամ լավատեսական կանխատեսում անելու հիմք չեն տալիս. տնտեսագետ

Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսմամբ՝ Հայաստանը տարին կփակի 6.5 % տնտեսական աճով: Մեր Կենտրոնական բանկի կանխատեսումներն էլ հուսադրող չեն՝ 5.4 % տնտեսական աճ: Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այս կանխատեսումները հոռետեսական է որակում: 

«Ես դեռևս մնում եմ իմ կարծիքին՝ անվանական արժեքով ՀՆԱ-ն կաճի շատ ավելի շատ, քան երկնիշը, կաճի երևի 15-20 տոկոսով, բայց ունենք բավականին մեծ դեֆլյատոր, այսինքն՝ գնաճի ճշգրտումը, որը նվազեցնում է, այնուամենայնիվ ես կարծում եմ, որ մենք շատ մոտ կլինենք երկնիշ տնտեսական աճին իրական թվերով»,- այսօր Կառավարության նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարը:

ԵՊՀ կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ, տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ավելի հակված է հավատալ ԱՄՀ-ի և ԿԲ-ի կանխատեսումներին:

«Բնականաբար, մենք տարին կփակենք տնտեսական աճով այն պարզ պատճառով, որ 2020 թ. խորը տնտեսական անկում ենք ունեցել: Այդ ֆոնին այս տարի համեմատաբար ավելի տնտեսական ակտիվություն է նկատվելու, բայց թվերի առումով ես հակված եմ ավելի շատ Արժույթի միջազգային հիմնադրամի և մեր Կենտրոնական բանկի թվերին, այսինքն, իմ խորին համոզմամբ՝ 8 %-ի շրջակայքում է գրանցվելու տնտեսական աճը, իսկ դա այդքան էլ լավ ցուցանիշ չէ, ըստ էության, որովհետև անցյալ տարի մենք ավելի քան 7.5 %-անոց անկում ենք ունեցել, դա նշանակում է ընդամենը  նախորդ ժամանակաշրջանի անկման զուտ վերականգնում, ուրիշ ոչինչ»,- ասաց Խաչատրյանը:

Մեր հարցին, թե այդ դեպքում ինչո՞վ է հիմնավորված Էկոնոմիկայի նախարարի լավատեսությունը, տնտեսագետը պատասխանեց.

«Չեմ կարող ասել, թե ի՞նչ գործոննների վրա է հիմնվում նախարարը նման քիչ թե շատ աբսուրդային հայտարարություն անելու համար, շատ են եղել դեպքեր, երբ պետական պաշտոնյաները որոշակի հայտարարություններ են արել, բայց իրականությունից դրանք էապես կտրված են եղել: Իմ խորին համոզմամբ՝ սա հերթական դեպքն է, որովհետև տնտեսությունում տեղի ունեցող պրոցեսները որևէ հուսադրող կամ նմանատիպ լավատեսական կանխատեսում անելու համար հիմք չեն տալիս»:

Տեսանյութեր

Լրահոս