«Պետք է «ручной управления»-ով խնդիրները լուծենք». Վահան Քերոբյանը՝ խաղողագործների դժգոհությունների մասին

Այսօր Կառավարության նիստից հետո լրագրողներն Էկոնոմիկայի նախարարից հարցրին, թե ի՞նչ քայլեր են ձեռնարկում խաղողի մթերման խնդիրները լուծելու համար, խաղողագործները վերջին օրերին նորից հայտնում են իրենց դժգոհությունները: 

Նրանց պնդմամբ՝ մի շարք ընկերություններ հրաժարվում են մթերել խաղողը, մյուսներն էլ ինքնարժեքից ցածր գին են առաջարկում:

«Այս բոլոր հարցերը հետևանք են նրա, որ անցած տարի շատ քիչ է սպառվել կոնյակ, և ընկերություններն անցած տարի այդ ցածր սպառման պայմաններում մթերել են, բնականաբար, պետք է պաշարները և վաճառքները բալանսավորվեն, որպեսզի ընկնենք նորմալ աշխատանքային ցիկլի մեջ, իսկ մինչ այդ պետք է «ручной управления»-ով խնդիրները լուծենք: Խաղողագործների բոլոր խնդիրներին տեղյակ ենք, ամենօրյա ռեժիմով զբաղվում ենք այդ հարցով, իմ տեղակալներից մեկը միայն այդ հարցով է զբաղվում, փոխվարչապետն է շատ ներգրավված, ես եմ շատ ներգրավված, մի քանի հանդիպում ունեցել եմ, փորձում ենք հընթացս լուծել խնդիրները և այնպես անել, որ բերքը հանկարծ գետնին չմնա»,- ասաց Քերոբյանը:

Նա մանրամասնեց, որ մոտ երկու շաբաթ առաջ փոփոխություններ են իրականացրել մթերման համար տրամադրվող վարկերի սուբսիդավորման կարգում:

«Որ թույլ տանք ավելի մեծ չափի վարկեր վերցնեն, և կարողանան, բնականաբար, ավելի շատ մթերել: Որոշ ժամանակ առաջ պետական երաշխիքների ինստիտուտն էինք մտցրել, որ այն ընկերությունները, որոնք գրավի խնդիր ունեն, կարողանան օգտվել պետական երաշխիքից և վերցնել անհրաժեշտ չափի վարկեր»,- ասաց Քերոբյանը:

Լրագրողի հարցին, թե ի՞նչ կանխատեսումներ ունի Էկոնոմիկայի նախարարը, քանի՞ տոկոս տնտեսական աճով Հայաստանը կփակի տարին, այն պարագայում, որ Արժույթի միջազգային հիմնադրամը կանխատեսել է 6.5 տոկոս, Քերոբյանն արձագանքեց.

«Ուզում եմ հիշեցնել, որ նույն Արժույթի միջազգային հիմնադրամն ապրիլի 23-ին նշել էր 1 տոկոս տարեկան տնտեսական աճ: Իհարկե, գործընկերներին հասկանալ կարելի է, կային բազմաթիվ անորոշություններ ընտրությունների, քաղաքական, ռազմական իրավիճակի հետ կապված, իրենք սովորաբար ընտրում են ամենահոռետեսական գնահատականը, այս պահին կարող ենք համարել, որ այդ 6.5 տոկոսը գործող հնարավոր կանխատեսումներից ամենահոռետեսականն է: Օրեցօր փոխվում են կանխատեսումները, մենք այսօր ունենք առաջին 7 ամսվա ցուցանիշները՝ 5.2 տոկոս, երեքշաբթի օրը Կենտրոնական բանկը կանխատեսեց 5.4 տոկոս, որը, կարծում եմ, էլի շատ պեսիմիստիկ գնահատական է, տեսնենք, շատ ֆակտորներից է կախված, բայց ես դեռևս մնում եմ իմ կարծիքին՝ անվանական արժեքով ՀՆԱ-ն կաճի շատ ավելի շատ, քան երկնիշը, կաճի երևի 15-20 տոկոսով, բայց ունենք բավականին մեծ դեֆլյատոր, այսինքն՝ գնաճի ճշգրտումը, որը նվազեցնում է, այնուամենայնիվ ես կարծում եմ, որ մենք շատ մոտ կլինենք երկնիշ տնտեսական աճին իրական թվերով»:

Տեսանյութեր

Լրահոս