«Անհույս, անճար վիճակում» գտնվող խաղողագործն ու կառավարության ներկայացուցիչների «պոպուլիստական հայտարարությունները»
Այսօր առավոտյան Արարատի մարզում՝ Երևան-Երասխ ավտոճանապարհի Փոքր Վեդի վարչական տարածքում, մի քանի գյուղերի խաղողագործները խաղողի մթերման հարցով պայմանավորված փակել էին ավտոճանապարհը:
Խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ գյուղացիների՝ ավտոճանապարհը փակելու պատճառը խաղողագործության ոլորտում առկա չլուծված խնդիրներն են:
«Անցյալ տարի, որ եկաք, հարցազրույց վերցրիք, դրանից հետո ոչ մի հարց չի լուծվել խաղողագործության ոլորտում: Խաղողագործն այսօր անպայմանագիր, անհույս, անճար վիճակում է, խաղողն իր ուժերով արտադրել, մշակել, բերել-հասցրել է բերքահավաքի շրջան, հիմա չգիտի՝ ո՞ւմ վաճառի, ի՞նչ գնով վաճառի, ո՞ր օրը քաղի ու ի՞նչ պայմաններ կան, իրեն կբավարարե՞ն, թե՞ ոչ: Նախ, չգիտի՝ ինչ գին է, պայմանագիր չունի՝ երկուս, գործարանները փակ են, ում դուռը գնում ես, ում զանգում ես, չեն պատասխանում: Գործարանները չեն պատասխանում ազգաբնակչությանը, գործարանները փակ են, մարդիկ խաղող չեն ընդունում: Զանգում-ասում ես՝ պայմանագիր կապենք, ասում է՝ «հլը շուտ ա, հլը տեսնենք», «չենք կապում, մեզ պետք չի»:
Այսօր խաղողագործության անունը չի վերացել, կամ «խ» տառը հայկական այբուբենից չի վերացել, փառք տանք Աստծուն, որ «Երևանի կոնյակի գործարանը» կա և աշխատում է իր հնարավորությունների սահմաններում: Դրանից հետո «Արմենիա Վայն»-ն է՝ իր պայմանագրերով, ճիշտ է՝ այս տարի կրճատել է, քիչ թե շատ իրավական դաշտում ուզում է ինքն էլ կայանա, աշխատի, «Պռոշյան»-ը աշխատում է, բայց, այսպես ասած՝ մեկ պայմանագրով, մեկ պայմանագիր փոխելով, գինն անորոշ, օրերի բաշխում չկա:
Մնացած գործարաններից պաշտոնապես ես՝ որպես Խաղողագործների միություն հասարական կառույցի ղեկավար, ոչինչ չգիտեմ, ոչ ոք մեզ հասանելի չեն, ոչ մեկի հետ չկա խոսակցություն, բանավեճ, քանի որ զանգում ես՝ չեն պատասխանում, գնում ես՝ դռները փակ է, գրում ես, որ՝ խնդրում եմ այս հարցով հանդիպում կամ զանգին պատասխանեք՝ չեն պատասխանում: Դրա պատճառն այն է, որ Հայաստանի Հանրապետությունում չի գործում օրենք, Սահմանադրություն, սպառողի շահերը պաշտպանված չեն, գյուղացու մասին, գյուղմթերք արտադրողի մասին օրենք գոյություն չունի: Այսօր ոչ մեկը չի մտածում, որ գյուղացին է արարում, ստեղծում, հանրությանը կերակրում, իսկ գերակա ճյուղ ճանաչված խաղողագործությունը Հայաստանի Հանրապետությունում ընդհանրապես մոռացված է այսօրվա պոպուլիստ չինովնիկների կողմից»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արտակ Սարգսյանը:
Սեպտեմբերի 2-ի կառավարության նիստում կառավարության անդամներն ավելի քան 20 րոպե հենց խաղողագործների խնդիրների լուծման մասին էին բարձրաձայնում՝ վստահեցնելով, թե այս տարի խաղողագործները ոչ մի խնդրի առաջ չեն կանգնի: Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ նիստում ասաց, թե կանխատեսվում է այս տարի մթերել 180 հազար տոննայի մոտ խաղաղ, որը, ըստ Քերոբյանի, բավարար է, որպեսզի ամբողջ բերքը մթերվի: Նիստը նախագահող փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն էլ նշեց, թե «հիմնավորված որևէ ակցիա պիտի տեղի չունենա»:
«Կառավարության ներկայացուցիչ էկոնոմիկայի նախարար Քերոբյանը պոպուլիստական հայտարարություն արեց: Իր ասած 180 հազար տոննա խաղող այս պահի դրությամբ հանրապետությունում կարող է չլինի էլ: Եթե այդ հարցը լուծված է, բա ինչի՞ պայմանագիր չեն կնքում, որ ժողովուրդը էս խուճապից դուրս գա, փաստաթուղթ ունենա, որ պայմանագիր կա իր հետ, իր ապրանքը կգնվի, այդ պայմանագրի մեջ թող նշվի գին, քանակ, օր, ժամ ու գործարանը: Որպեսզի մարդկանց բարեհաճո, դուրեկան հայտարարություն լինի, նման հայտարարություն են արել 3 օր առաջ, իսկ այսօր տեսնում եք՝ իրավիճակը ոչնչով չի փոխվել: Եթե այսօր ամսի 4-ն է, խաղողն արդեն հասունացել է, բնակլիմայական պայմաններից ելնելով, այս տարի անոմալ բնակլիմայական պայմաններ եղան, ամեն ինչ շուտ է հասունացել, բա պարոն Քերոբյանն ինչի՞ չհայտարարեց՝ «հարգելի խաղողագործներ, ձեզ հետ այս, այս կազմակերպությունները, այս, այս վերամշակող ձեռնարկությունները պայմանագրեր են կնքում, խնդրում ենք մոտեցեք, պայմանագրերը կնքեք», ու թող հայտարարեր՝ ինչ գնով, ինչ պայմաններով: Ասում են՝ «գիտեք՝ ինչ, մենք ունենք վարկեր տրամադրելու», 3 մլրդ-ը սարքել են 4 մլրդ, 3 տարին էլ սարքել են 4 տարի: Եթե այդ նույն սուբյեկտը, վերամշակողն անցյալ տարի ինչ ուներ-չուներ գրավ է դրել, էդ գումարը վերցրել է, դեռ չի կարողացել իր վարկային բեռը թեթևացնի, ու այդ առևտրաշրջանառությունը, իրենց ասելով՝ դեռ գոհացնող չի, իրենք խնդիրների առջև են, հիմա առանց գրավի պարոն Քերոբյանը ո՞ր ձեռնարկությանը փող կտա, նրանք էլ կգան մեր դուռը կթակեն, ասեն՝ «պարոն Սարգսյան, եկեք Ձեզ հետ պայմանագիր կնքենք, Ձեր խաղողը չմնա այգում, վազերի վրա, տանենք, ընդունենք, գումարը վճարենք»: Հասկանո՞ւմ եք՝ ինչ է կատարվում, ու ինչու եմ ասում, որ պարոն Քերոբյանը պոպուլիստական հայտարարություն է արել, պոպուլիստական հայտարարություն՝ ժողովրդի ականջի համար, ժողովրդին բարեհաճո հայտարարություն:
Ինչ վերաբերում է Պապիկյանի հայտարարությանը՝ պարոն Պապիկյանը և մյուսները միշտ հայտարարություններ անում են, բայց իրենց հայտարարությունները, տեսնում են՝ ինչ արդյունք է տալիս: Պապիկյանի այդ հայտարարության արդյունքն այսօր ստացաք»,- ասաց Արտակ Սարգսյանը: