Երևանում չի կարող 531 հեկտար գերեզմանատուն լինի ու 240 հեկտար այգի. Հայաստանում դիակիզարան կկառուցվի
Երկու տարի տարի առաջ տեղեկություն տարածվեց, որ մեկ ռուսական և մեկ արտասահմանյան ներդրող հետաքրքրված են Երևանում դիակիզարաններ բացելու ծրագրերով:
Հիմա փորձում են ծրագիրն առաջ տանել:
«Բնակչության հատուկ սպասարակում» ՀՈԱԿ-ի նախկին տնօրեն Արման Իսկանդարյանը, ով անմիջական մասնակցություն ունի դրա կառուցման գործում, մեզ հետ զրույցում հայտնեց.
«Կառուցվելու է տարածաշրջանում և ԱՊՀ երկրների տարածքում գոյություն չունեցող մասնավոր գերեզմանատուն և դիակիզարան՝ 20 հեկտար տարածքում: Այս պահին բյուրոկրատական աշխատանքների մեջ ենք: Դրանք ավարտելուց անմիջապես հետո կանցնենք բուն շինարարությանը: Բացի դիակիզարանից, լինելու է եկեղեցի, սգո սրահ, այգի, շատրվաններ, ծառուղիներ»:
Հարցին՝ արդյո՞ք հասարակությունը պատրաստ է սրան, Արման Իսկանդարյանը պատասխանեց, որ այստեղ հասարակության պատրաստ լինել-չլինելու հարցը չէ:
«Նույն ձևով կարող ենք ասել՝ եկեք մզկիթը քանդենք, որովհետև մենք քրիստոնյա ազգ ենք: Պարտադրմամբ ոչ մեկի չեն դիակիզելու»,- ընդգծեց նա:
Մեր զրուցակիցը շեշտեց նաև՝ հողի ճիշտ օգտագործումը պետք է պետության գերխնդիրը լինի: «Երևանում չի կարող 531 հեկտար գերեզմանատուն լինի ու 240 հեկտար այգի: Սա աբսուրդ է: Մենք հողը ճիշտ չենք օգտագործում, դամբարաններ ենք սարքում: Մեզ մնա՝ բուրգեր կսարքենք»,- նշեց Արման Իսկանդարյանը:
Հավելենք, որ համաձայն «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի` յուրաքանչյուր ոք կամավոր սկզբունքով կարող է հողին հանձնել կամ այրել իր մահացածի դին: Դիակիզարանի մասին այս օրենքը մեր երկիրն ընդունել է 2006 թվականին:
Ավելին, ըստ որոշ լուրերի՝ 1980-ական թվականների սկզբին դիակիզարանի նախագիծ արվել է և հաստատվել քաղաքաշինական խորհրդում։ Կից նախատեսված է եղել նաև հրաժեշտի սրահ՝ երգեհոնով:
Մայրաքաղաքում գործող 21 գերեզմանատների ընդհանուր տարածքը 530 հա է: 2019 թվականի դրությամբ Երևան քաղաքում կա 90 պուրակ և զբոսայգի՝ 213 հա ընդհանուր տարածքով: Քաղաքապետարանից ստացված տվյալների համաձայն՝ մայրաքաղաքում գերեզմաններն ավելի շատ տարածք են զբաղեցնում, քան կանաչ տարածքները:
Դիակիզարանը կառուցվելու է Երևանից դուրս: