Կա՛մ պետք է վերջնական խայտառակ պայմանագիր կնքենք, որը չի լինելու, կա՛մ մնում է երկրորդ տարբերակը, որը պատերազմն է. ադրբեջանագետ

Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ ամենայն հավանականությամբ, սեպտեմբերի վերջին տասնօրյակում Հայաստանը պատրաստվում է Ադրբեջանի հետ, այսպես կոչված, Խաղաղության պայմանագիր կնքել:

«Մռավի լեռներով արդեն տրանսպորտային միջանցք են բացում, ինչպես նաև միջազգային օդանավակայաններ են բացվում, որոնք կրկնակի նշանակությամբ են՝ և՛ խաղաղ և՛ ռազմական»,- մեզ հետ զրույցում ասաց ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը:

«Ադրբեջանը Իսրայելից 2 միլիարդ դոլարի չափով զենք է գնում, Ռուսաստանի հետ վերջերս խնդիրներ ունի, փորձում են աքցանքի մեջ պահել Արցախը, ինչը չի ստացվելու: Ու իրավիճակն այսպիսին է՝ կա՛մ պետք է վերջնական խայտառակ պայմանագիր կնքենք, որը չի լինելու, կա՛մ մնում է երկրորդ տարբերակը, որը պատերազմն է: Խաղաղության, այսպես կոչված, պայմանագրով Էրդողանն ու Ալիևն արդեն ասել են՝ պետք է հրաժարվենք Արևմտյան Հայաստանի նկատմամբ հավակնություններից: Այսինքն, մի կողմից՝ կհրաժավենք Հայ դատից, մյուս կողմից՝ Արցախից, ինչպես նաև մեր զոհված հերոս տղերքի կյանքի իմաստից: Հուսով եմ, որ սա չի արվի: Երբ Մեծ Բրիտանիայի վարչապետ Նևիլ Չեմբեռլենը թուղթը թափահարելով ասում էր, որ ինքը խաղաղություն է կնքել, Չերչիլն ասաց՝  խայտառակության ու խաղաղության մեջ դուք ընտրել եք խաղաղությունը, բայց պատերազմ եք ստանալու»,- նշեց ադրբեջանագետը:

Գրիգորի Այվազյանն ընդգծեց՝ պետք է կարողանալ մարտահրավերներին ադեկվատ պատասխանել:

«Հիշում եք, չէ՞, ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հետ հանդիպման ավարտին, նվերների հանձնման արարողության ընթացքում ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն դաշույն նվիրելով՝ ասել է. «Կարող ենք համարել, որ Հայաստանին սպառազինության մատակարարման գործընթացը մեկնարկած է», որից հետո Ալիևը վայրահաչեց, թե այդ զենքը մեր ռազմապուրակներում է հայտնվել, որից հետո Ռուսաստանը կտրուկ արձագանքեց: Մենք պետք է հույսը դնենք մեր խելացիության վրա, ինչպես նաև մեր դաշնակիցներից առավելագույնը «պոկենք»: Այնպես չէ, որ Ռուսաստանը մեզ համար է անում, իր շահերից ելնելով է անում, և դա մենք պետք է օգտագործենք: Եվ մնում է կա՛մ Էրդողանի «բարի կամքով» շարժվելը, կա՛մ կռվելով փրկվելը»,- եզրափակեց ադրբեջանագետը:

Տեսանյութեր

Լրահոս