
Բաքվում մեկնարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի համատեղ հատուկ զորավարժությունները

Սեպտեմբերի 12-ին Բաքվում մեկնարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի հատուկ նշանակության ջոկատների համատեղ զորավարժությունները: Այս մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը: Զորավարժությունների մեկնարկի համար տեղի է ունեցել բացման հատուկ արարողություն։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Երեք եղբայր–2021» զորավարժությունների հիմնական նպատակը ստորաբաժանումների միջև փոխգործակցության բարելավումն է, ինչպես նաև խաղաղ և պատերազմական գործողություններին նախապատրաստվելը», – ասված է նախարարության հաղորդագրության մեջ։
Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերը պարբերաբար համատեղ զորավարժություններ են անցկացնում:
Ինչպես հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, զորավարժությունների ընթացքում զինվորականները հետախուզություն են իրականացնում բարդ տեղանքով վայրերում, ինչպես նաև պայմանական հակառակորդի դիվերսիոն խմբերի հայտնաբերում և ոչնչացում:
Զորավարժությունները կտևեն մինչև սեպտեմբերի 20-ը: