Բաժիններ՝

«Սողոմոն և Սողոմոն». Հայկ Մելիքյանը և Բաբկեն Չոբանյանը հանդես կգան համատեղ համերգով

Կոմիտաս Վարդապետի տարեդարձի և Սողոմոն Թեհլիրյանի աղմկահարույց դատավարության 100-ամյակի առթիվ սեպտեմբերի 24-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկազմակերպվի գոհաբանության երեկո:

«Սողոմոն և Սողոմոն» խորագրով համերգի ընթացքում դաշնակահար Հայկ Մելիքյանը կներկայացնի Կոմիտասի հավերժական երաժշտությունն ու Վարդապետին նվիրված ստեղծագործություններ, իսկ սիրված դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Բաբկեն Չոբանյանը կընթերցի ամենավառ հատվածները Բեռլինի նահանգային դատարանում Սողոմոն Թեհլիրյանի գործով դատական լսումների սղագրական հաշվետվությունից։

Նախագծի հեղինակը Էռնա Ռևազովան է։

Երկու Սողոմոն՝ Սողոմոնյան և Թեհլիրյան։ Երկու ճակատագիր՝ աղճատված Հայոց ցեղասպանությամբ։ Վարդապետի լռությունը և իր ժողովրդի համար վրեժխնդիր եղած հայորդու արդար ցասումը։ Մի կողմից՝ մինչև հոգու խորքը ցնցված երաժշտապետ Սողոմոնը, մյուս կողմից՝ Սողոմոնը, ով դատավճիռ կայացրեց Օսմանյան կայսրությունում հայերի ջարդի հեղինակի՝ նախկին թուրք վեզիր Թալեաթ փաշայի նկատմամբ. «Ես սպանել եմ, բայց մարդասպանը ես չեմ»։

1921 թվականին՝ հարյուր տարի առաջ, բեռլինյան դատարանը, հաստատելով ամբաստանյալի այս բառերը, Թեհլիրյանին ճանաչեց անմեղ՝ հայ ժողովրդի դահճի մտադրված սպանության մեջ։

«Սողոմոն և Սողոմոն» նախագծում միավորվել են երկու Մեծ հայերի անունները՝ Սողոմոններ, որոնց հիշատակի առջև այսօր խոնարհվում ենք։ Մենք խոնարհվում ենք երաժշտական հանճար Սողոմոն Սողոմոնյանի առջև և մեր երախտագիտությունն արտահայտում Սողոմոն Թեհլիրյանի նկատմամբ, ով մեկ գիշերում մեղադրյալից վերածվեց մեղադրողի։ Մենք շնորհակալ ենք բեռլինյան դատարանից, որի որոշումը դարձավ Հայոց ցեղասպանության առաջին աղմկահարույց դատապարտումը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս