«Հասկանում եք, չէ՞, ադրբեջանական կողմը ցանկացած պահի կարող է կտրել Կապանի ճանապարհը». Վահե Հակոբյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Սյունիքի մարզի Որոտան գյուղում տեղադրված ադրբեջանական ոստիկանական հենակետին:
Պատգամավորի բնորոշմամբ՝ այս ամենը ամենաթողության և ամեն ինչը զիջելու արդյունք է, ադրբեջանական կողմն էլ լկտիանում է:
«Որոտանի կողքին, հենց անմիջապես ճանապարհի վրա, ոստիկանական հենակետ են դրել, և համաձայն իմ տեղեկության՝ կանգնեցնում են իրանական բեռնատարներին, նրանց ստիպում են և, մաքսատուրք ասեմ, տուրք ասեմ, այդպիսի գումար են մուրում: Միայն դրանից հետո են թողնում, որպեսզի նրանք իրենց ճանապարհը շարունակեն: Տեսաք, թե ԱԱԾ-ն ինչ հայտարարություն արեց՝ անվանելով Որոտանն ադրբեջանական անունով, չեմ ուզում այդ անունը տալ: Սա ի՞նչ է նշանակում, մեզ կամաց-կամաց սովորեցնում են, որ այո, դա ադրբեջանական տարա՞ծք է: Սև լճի տարածքում ադրբեջանցի զինվորները պատրաստվում են ձմեռվան»,- նշեց Վահե Հակոբյանը:
Այսօր մեկնարկած ԱԺ հերթական նստաշրջանին «Հայաստան» դաշինքն առավոտյան առաջարկեց գումարել հատուկ նիստ և քննարկել Սյունիքում ստեղծված իրավիճակը, որից հետո հայտարարվեց 20 րոպե ընդմիջում:
«Մենք այսօր առավել մեծ խնդիր, քան Սյունիքն է, չենք կարող ունենալ, ի՞նչ դատավոր, ի՞նչ ԲԴԽ, ի՞նչ Ջհանգիրյան, ինչի՞ մասին է խոսքը: Հասկանում եք, չէ՞, որ ադրբեջանական կողմը ցանկացած պահի կարող է կտրել Կապանի ճանապարհը: Նորմալ չէ, երբ մարզպետը լուսանկարից է տեղեկանում անցակետի մասին, և նորմալ է, որ ԱԱԾ-ն հայտարաություն է անում այն բանից հետո, երբ համացանցում հայտնվում է տեսանյութը: Մեր բոլոր պրոբլեմների լուծումը Նիկոլ Փաշինյանի անհապաղ հեռացումն է»,- հավելեց Վահե Հակոբյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում