«Արցախի համար ստեղծված նոր վտանգը և ՀՀ արտաքին գործերի նախարարության լռությունը»․ Նարեկ Ալոյան

Փաստաբան Նարեկ Ալոյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «2021թ-ի օգոստոսի 11-ին Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն է հրավիրվել Ադրբեջանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանը։

Պաշտոնական Բաքուն նոտա է հղել դեսպանին և խիստ դժգոհություն հայտնել այն մասին, որ 2021թ-ի հուլիսի 11-ից մինչև օգոստոսի 8-ը իրանական թվով 35 մեքենաներ, որից՝ 31-ը բենզատար մեքենա (бензовоз), իսկ 4-ը բեռնատար մեքենա, առանց պաշտոնական Բաքվի «թույլտվության կատարել են բեռնափոխադրումներ դեպի Արցախ»։

Այսպիսով՝ պաշտոնական Բաքուն ակնկալում է, որ Լաչինի միջանցքով Արցախ կատարվող բեռնափոխադրումները պետք է կատարվեն բացառապես իր «թույլտվությամբ»։

Ավելին՝ ադրբեջանական մամուլի կողմից վերջին շրջանում շարունակաբար թիրախավորվում են ռուս խաղաղապահներն այն բանի համար, որ թույլատրել և թույլատրում են նշված բեռնափոխադրումները։ Մասնավորապես՝ ռուս խաղաղապահների վարքագիծը ադրբեջանցիների կողմից բնորոշվում է որպես «տարօրինակ», «իրենց գոյություն չունեցող մանդատից դուրս», «իրենց ժամանակավոր առաքելությանը անհամապատասխան»։

Դեռևս 2021թ-ի օգոստոսի 11-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության կայքում հրապարակվել է Իրանի դեսպանի հետ հանդիպման մասին լուրը։

Հայկական կողմն, առնվազն տեսանելի հարթությունում, լուռ էր։
Այսպիսով՝ Լաչինի միջանցքը Արցախն արտաքին աշխարհի և Հայաստանի հետ կապող ՄԻԱԿ ճանապարհն է։

Այսպիսով՝ դեռևս մեկ ամիս առաջ Ադրբեջանը դիվանագիտական հարթությունում ներկայացրել է այդ ճանապարհով կատարվող բեռնափոխադրումները վերահսկելու հայտ։

Այսպիսով՝ արդեն մեկ ամիս, առնվազն տեսանելի հարթությունում, հայկական դիվանագիտական կորպուսը լուռ է։

Այժմ՝ Գորիս-Կապան միջպետական ճանապարհին տեղակայված է ադրբեջանական ոստիկանական պահակակետ և ՀՀ ազգային անվտանգության ծառայության պաշտոնական պարզաբանման համաձայն՝ այն նախատեսված է Իրանից կատարվող բեռնափոխադրումների փաստաթղթերի ստուգման նպատակով։

Լաչինի միջանցքով Արցախ կատարվող բեռափոխադրումները Ադրբեջանի թույլտվությամբ կատարվելու դեպքում, վտագի տակ է դրվում Արցախի բնականոն կյանքը։

Այս պահին մեր դիվանագիտական կորպուսի առջև բարձրացված է հստակ հարցադրում.
«Արդյո՞ք Լաչինի միջանցքով (այսինքն՝ առկա միակ ճանապարհով) Արցախ բեռնափոխադրումների կատարումը պետք է կատարվի Ադրբեջանի թույլտվությամբ»։

Կարծում եմ, որ պատասխանն ակնհայտ է՝ ՈՉ։

Ընդ որում՝ այդ պատասխանը պետք է տրվեր դեռևս մեկ ամիս առաջ՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն Իրանի դեսպանի կանչվելուց անմիջապես հետո։

Մենք պարտավոր ենք պահպանել մեր հայրենիքը!!!»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930