Արցախի դատախազությունը բոլոր հնարավոր միջոցներով կպաշտպանի Լևոն Հայրապետյանի ժառանգների սեփականության իրավունքը. ինչ է ստեղծել նա Վանքում
Արցախի դատախազությունն արձագանքել է բարերար Լևոն Հայրապետյանի դստեր նամակին:
«Լևոն Հայրապետյանի ժառանգի ներկայացուցչի կողմից ԱՀ գլխավոր դատախազություն ներկայացված հաղորդման հիման վրա 14.03.2019թ. հարուցվել էր քրեական գործ ԱՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով, որը նախաքննություն կատարելու համար 16.03.2019թ. ուղարկվել էր ԱՀ քննչական կոմիտե: Պատերազմական գործողություններով պայմանավորված՝ 2020թ. սեպտեմբերի 28-ին քննչական կոմիտեի քննիչի կողմից որոշում էր կայացվել հիշյալ քրեական գործի վարույթը կասեցնելու մասին:
Իրազեկում ենք, որ առաջիկայում որոշում է կայացվելու քրեական գործով նախաքննությունը վերսկսելու մասին, որի շրջանակում ձեռնարկվելու են քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված բոլոր հնարավոր միջոցները Լ.Հայրապետյանի ժառանգների սեփականության իրավունքը պաշտպանելու, իրավունքի խախտումները վեր հանելու և հանցավոր արարք կատարած անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ»,- նշված է ԱՀ դատախազության պատասխանում։
Նշենք, որ Լևոն Հայրապետյանի դուստրը նամակ էր հղել Արցախի իշխանություններին, որում մասնավորապես ասվում է.
«Հարգարժա՛ն պարոն Նախագահ
Բաց նամակով ցանկանում եմ դիմել Ձեզ՝ աջակցելու հորս՝ մեծ բարերար Լևոն Գուրգենի Հայրապետյանի ունեցվածքի նկատմամբ սեփականության իրավունքներս ճանաչելուն աջակցելու և մի խումբ անձանց կողմից ապօրինի օգտագործումը դադարեցնելու խնդրանքով:
Ինչպես գիտեք, հայրս ժամանակին գնել էր շուրջ մեկ տասնյակ բեռնատար ու շինարարական տեխնիկա և այն ժամանակավորապես հանձնել Մարտակերտի շրջանի Վանք գյուղի համայնքապետարանին: 2020թ.-ին, երբ որպես հորս օրինական ժառանգորդ, ցանկանում էի զբաղվել մեր ունեցվածքի ճակատագրով՝ պարզեցի, որ Վանք համայնքին հանձնված վերոնշյալ տեխնիկան Մարտակերտի շրջանի վարչակազմի նախկին ղեկավար Էդգար Հարությունյանը և համայնքի գործող ղեկավար Անդրեյ Սարգսյանը ապօրինաբար տիրացել են և օգտագործում են սեփական կարիքների համար: Ավելին, նրանք հրաժարվում էին վերադարձնել մեր ընտանիքին պատկանող գույքը՝ փորձելով անհիմն պատճառաբանություններ բերել:
Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծված պատերազմից օրեր առաջ ինձ ընդունել էիք, և ներկայացրել էի մեր ընտանիքի բողոք-խնդրանքը, սակայն վերահաս պատերազմը փոխեց բոլորիս տրամադրությունները, բայց համոզված եմ՝ ոչ նպատակները: Եվ որպես Արցախի արժանավոր զավակի դուստր՝ գտնում եմ, որ այսօր քան երբևէ, պետք է տեր կանգնեմ հորս երազանքներին, շարունակեմ նրա կիսատ թողած գործը: Ուստի, խնդրում եմ Ձեզ՝ օգնել մեզ վերականգնել մեր իրավունքները մեր իսկ սեփականության նկատմամբ և գործադրենք բոլոր ջանքերը մեր պաշտելի հայրենիքի՝ Արցախի վերազարթոնքին:
Հարգանքով՝ Զարուհի Լևոնի Հայրապետյան»:
Արցախի դատախազությունը, ըստ էության, ընդունում է բարերարի դստեր ներկայացրած «մեղադրանքը»:
Հիշեցնենք, որ պատերազմից 25 օր առաջ 168.am-ը Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանից հետաքրքրվել էր, թե Վանք գյուղն ինչո՞վ է ապրում, ի՞նչ խնդիրներ կան, քանի որ բարերար Լևոն Հայրապետյանի մահից հետո Վանք գյուղում սոցիալ-տնտեսական, աշխատանքային զբաղվածության հետ կապված խնդիրները սրվել էր, և թե ինչ փուլում է նրա արցախյան ունեցվածքի ժառանգության խնդիրը, Արցախի ղեկավարը նշել էր, որ, ցավոք, գյուղի բնակիչների մեծ մասը գյուղատնտեսությամբ չեն զբաղվում, մի տեղամասում հիմնականում անասնապահությամբ են զբաղվում:
«Լևոն Հայրապետյանի կողմից ստեղծված փայտամշակման ֆաբրիկայում աշխատանքներ չեն իրականացվում արդեն մոտ 15 տարի, ժամանակ առ ժամանակ դրանք փոքր ծավալներով էին կատարվում: Բայց ավելի շատ Լևոն Հայրապետյանի բարեգործական ծրագրերի շրջանակում էր ժողովուրդը զբաղված լինում, գումարներ էին տրամադրվում և աշխատանքներ էին կատարվում: Նրա մահից հետո այսօր, կարծեմ, վերջնական փուլում է գտնվում ժառանգության խնդիրը, բայց դեռ վերջնական լուծում չկա, թե արցախյան ունեցվածքն ինչպիսի իրավահաջորդ է ունենալու, ովքեր են լինելու սեփականատերերը, որոնց հետ բանակցենք, որպեսզի կարողանանք այդ ռեսուրսներն օգտագործենք՝ հյուրանոցներ, վերամշակման աշխատանքը»,- ասել էր Արայիկ Հարությունյանը:
Հավելենք, որ ժամանակին ռուսաստանահայ բարերար Լևոն Հայրապետյանը առաջնային ծրագիր ուներ Արցախում հիմնել նաև ռազմական ակադեմիա, որի նպատակը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության համար բարձրաստիճան սպայակազմի պատրաստումն էր: Շինարարական աշխատանքները սկսվեցին, սակայն նրա մահից հետո դրանք անավարտ մնացին:
Մեր տեղեկություններով, Լևոն Հայրապետյանին Ստեփանակերտում նաև մի կիսակառույց շենք է պատկանում:
Նշենք, որ Լևոն Հայրապետյանը 4 աղջիկ ունի: