Գաղտնալսման դեպքից 3 տարի անց չկա ո՛չ մեղադրյալ, ո՛չ կասկածյալ և ո՛չ էլ հետախուզվող. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «2018 թվականի սեպտեմբերի 11-ին հրապարակվեց ՀՀ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի սկանդալային գաղտնալսման ձայնագրությունը: Աղմկոտ այդ օրվանից անցել է 3 տարի. ի՞նչ ունենք ԱԱԾ նախկին տնօրենի, ՀՔԾ պետի եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գաղտնալսման դեպքով ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործով:
Թերթը տեղեկացավ, որ 3 տարվա ընթացքում նշանակվել են բազմաթիվ փորձաքննություններ, իրականացվել են օպերատիվ- հետախուզական աշխատանքներ, միջազգային կառույցներին դիմումներ են ուղարկվել, սակայն ՀՀ քննչական կոմիտեն այդպես էլ 3 տարվա մեջ չբացահայտեց գործը. այն Քննչական կոմիտեում դասվեց չբացահայտված գործերի շարքին: Քրեական գործով 3 տարի անց չկա ո՛չ մեղադրյալ, ո՛չ կասկածյալ եւ ո՛չ էլ հետախուզվող: Ասել է թե՝ քննիչները անգամ չկարողացան բացահայտել իրենց ղեկավարին գաղտնալսած անձին, ուստի այստեղ կասկածի տակ է պետք դնել ոչ միայն ՀՀ քննիչների ունակությունը, այլեւ կասկածներ հայտնել հայրենի իրավապահ համակարգի կարողության մասին:
Բայց սա դեռ ամենը չէ. 3 տարի առաջ այս օրը ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հրավիրված հրատապ ասուլիսի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, մի շարք բացահայտումներ արեց «Մարտի 1»-ի թեմայով: «Տիգրան Աբգարյանը սպանվել է հատուկ ջոկատայինների կողմից: Այդ մասին ունենք ապացույցներ հստակ: Այսինքն՝ ինչի՞ մասին է սա խոսում: Տիգրան Աբգարյանը սպանվել է այն ժամանակ, երբ Քոչարյանն արդեն իսկ մտցրել էր արտակարգ դրություն, սակայն որեւէ հրազենային վիրավորում ստացած զինծառայող չկար:
Տիգրան Աբգարյանին հրազենային վիրավորում է հասցվել նրա համար, որպեսզի Ռոբերտ Քոչարյանի այդ խոսքերը, թե մենք արդեն ունենք զոհեր, հիմնավորվեն: Սա նախաքննությամբ արդեն հիմնավորվել է: Այս նորությունը բավարար էր, որ մեր դեմ իսկական որս սկսվեր»:
Այս խոսքերից անցել է 3 տարի, ՀՔԾ-ն լուռ է, եւ մինչ օրս այդպես էլ չի ապացուցվել, թե ով է սպանել Տիգրան Աբգարյանին, ում է կոնկրետ մեղադրանք առաջադրվել այդ արարքի համար:
Ըստ էության, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի խոսքերը հիմնավոր չէին, եւ ՀՔԾ պետը, դատելով իր հայտարարությունից, փորձեց ցույց տալ, թե իր ղեկավարած կառույցը լուրջ բացահայտումներ է արել, մինչդեռ այն սեփական «ես»-ը կարեւորելու դրսեւորում էր եւ օդում թողած պղպջակ»։