
9/11 ահաբեկչությունից անցել է քսան տարի. ԱՄՆ նախագահը Նյու Յորքում կմասնակցի հիշատակի միջոցառումներին

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը և նրա կինը՝ Ջիլը ժամանել են Նյու Յորք՝ մասնակցելու 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության 20-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումներին: Այս մասին հայտնում է Սպիտակ տունը:
20 տարի առաջ «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման 19 ահաբեկիչներ առևանգել էին ԱՄՆ 4 ուղևորափոխադրող ինքնաթիռներ: Դրանցից երկուսն ահաբեկիչներն ուղղել էին դեպի Նյու Յորքի՝ այն ժամանակվա ամենաբարձր շենքերը՝ Համաշխարհային առևտրի կենտրոնի երկու զույգ կառույցները, երրորդն ուղղել էին դեպի Պենտագոն: Չորրորդ ինքնաթիռը ևս ուղղել էին դեպի մայրաքաղաք Վաշինգտոն, սակայն այն Շանքսվիլ քաղաքից ոչ հեռու կործանվել էր:
Ահաբեկչությունների հետևանքով պաշտոնական տվյալներով մահացել էր 2977 մարդ, ովքեր 90 երկրի քաղաքացիներ էին, տուժել էր ավելի քան 6 հազար մարդ: