ՏԻՄ ընտրություններին որոշ համայնքներում՝ այդ թվում Գյումրիում, ՀՀԿ-ն սեփական թեկնածուներ կառաջադրի
Այսօր ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը:
Նիստի ընթացքում քննարկվել է ինչպես երկրի ներքաղաքական իրավիճակն, այնպես էլ տարածաշրջանային զարգացումները։
Արձանագրվել են կապիտուլյանտ վարչախմբի կողմից Հայաստանի ինքնիշխանության հետեւողական մսխման, արտաքին եւ անվտանգային մարտահրավերներին անադեկվատ լինելու, աշխարհաքաղաքական հերթական արկածախնդրության դրեւորումները։
Ի գիտություն է ընդունվել կուսակցության միջազգային կապերի զարգացման եւ նոր նախաձեռնությունների վերաբերյալ տեղեկատվությունը։
Հանրապետականը հետեւողական է լինելու իր ունեցած փորձը, կապերը, գիտելիքները եւ հնարավորությունները ազգային օրակարգի առաջնահերթությունների համար ծառայեցնելու գործում։
Քննարկվել է կուսակցության մասնակցության հարցը գալիք ՏԻՄ ընտրություններին։
Որոշվել է մի շարք համայնքներում առաջադրել սեփական թեկնածուներ, մասնավորապես՝ Գյումրի քաղաքում Հանրապետականը առաջադրել է կուսակցության Շիրակի տարածքային կազմակերպության ղեկավար Արտյոմ Ղուկասյանի թեկնածությունը եւ հաստատել է ավագանու թեկնածուների ցուցակը։ Ինչ վերաբերում է այլ համայնքներին, Հանրապետականը բաց է լինելու մյուս ընդդիմադիր թեկնածուներին աջակցելու շուրջ քաղաքական քննարկումների համար։
Ընդգծվել է հասարակության լայն շերտերի հետ մշտական շփումների եւ հետադարձ կապի կարեւորությունը, այդ թվում՝ կուսակցական պատգամավորների ներգրավմամբ։
Որոշում է կայացվել վերսկսել Անդրանիկ Մարգարյանի անվան Քաղաքական դպրոցի դասընթացները։