«Էս հայերի օմբուդսմանը մեր օմբուդսմանից ակտիվ է. մերը եղել է, էլ չկա, թաղել են». ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի գործունեության ադրբեջանական արձագանքները
Երկու օր առաջ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ու իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը ներկայացրեցին անգլերենով կազմված արտահերթ զեկույցը, որը վերաբերում է Ադրբեջանի պետության պատասխանատվությանը հայ գերիների իրավունքների կոպիտ խախտումներին, ադրբեջանական զինված ուժերի կողմից նրանց խոշտանգելուն ու անմարդկային վերաբերմունքի ենթարկելուն, գերեվարման պայմաններին, քաղաքացիական անձանց իրավական պաշտպանությանը:
Այն սարսափները, որոնք ներկայացրեց Պաշտպանը, մարդու ուղեղի և երևակայության մեջ չտեղավորվող դրվագներ էին, դժոխք, որի միջով անցել ու հիմա էլ անցնում են Ադրբեջանում որպես պատանդ պահվող մեր ռազմագերիները: Թաթոյանի խոսքով՝ Ադրբեջանի տիրապետության տակ հայտնված թե՛ քաղաքացիական անձանց, թե՛ զինծառայողներին համակարգված ենթարկել են խոշտանգման՝ հոգեկան և ֆիզիկական տանջանքների:
«Ամենադաժան պայմանները եղել են հենց գերեվարման ժամանակ և դրանից անմիջապես հետո և հատկապես հատուկ ծառայությունների կողմից: Խոշտանգումը և անմարդկային վերաբերմունքը, նվաստացումները եղել են լայնածավալ՝ հիմնված են եղել ինչպես էթնիկ պատկանելության վրա, այսինքն՝ հայ լինելու հանգամանքով պայմանավորված, նաև կրոնական իրավունքների կոպիտ խախտումներով: Բազմաթիվ են եղել դեպքեր, երբ մարդկանց զրկել են ջրից, գրեթե չի եղել ջուր կամ սնունդ: Ջուր և սնունդ տրամադրել են բացառապես նվաստացումներից կամ դաժան ծեծից հետո: Օրինակ, եղել են դեպքեր, երբ սնունդը գցել են հատակին, գետնին և ստիպել են ուտել գետնից, հետո, սոված վիճակում պահելով գերիին, վերցրել և գցել են աղբարկղի մեջ՝ հենց նրա դիմաց: Կամ եղել են դեպքեր, երբ տվել են ընդամենը 10 վայրկյան ուտելու համար և 10 վայրկյան հետո՝ անկախ նրանից՝ ինչ հասցրեց կերավ, անմիջապես վերցրել են ձեռքից և գցել են աղբի մեջ, թքել են սննդի մեջ և ստիպել են նաև այդպես ուտել… Շատ դաժան են վերաբերվել բժշկական հետազոտությունների հարցում: Ստիպել են ուղղակի տանել ցավը և հաճախ ծեծը, խոշտանգումը եղել է հենց վերքի վրա մատը դնելով, խփելով, որ էլ ավելի մեծ ցավ պատճառվի: Ընդ որում՝ հատուկ ստիպել են, որ խնդրեն, աղաչեն: Դեպքեր են եղել, երբ ձմեռը, ցուրտ եղանակին ստիպել են պառկել և քնել գետնին՝ ձեռքերը հետևում կապված վիճակում: Դրանից հետո նաև եղել են դեպքեր, երբ բացել են պատուհանը՝ ձմեռով, որպեսզի էլ ավելի ցուրտ լինի, և մերկ վիճակում: Եղել են ծառայողներ, որ հատուկ սառը ջուր են շփել գերու վրա, որ էլ ավելի տառապանքներ պատճառեն ցուրտ եղանակին՝ կրկին պատուհանը բաց վիճակում: Հատուկ ուզում եմ անդրադառնալ նրան, որ գրեթե զրկված են եղել հիգիենիկ միջոցներից՝ օճառ, զուգարանի թուղթ: Հաճախ մարդիկ ստիպված են եղել իրենց կարիքները հոգալ, օրինակ, հագուստի մասերը պատռելով»,- սա մի մասն է այն ահազարհուր փաստերի, որը հրապարակեց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:
Այս սարսռազդու մանրամասների համատեքստում շատերը հիշեցին այն պատմությունը, երբ ԱԺ նախորդ գումարման «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն Armlur.am-ի հետ զրույցում ասել էր, թե ինչ է իրականում տեղի ունեցել ԱԺ-ում ռազմագերիների վերաբերյալ փակ քննարկման ժամանակ: Ըստ պատգամավորի՝ պետք է քայլեր ձեռնարկել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի հայտարարությունների հետ կապված, քանի որ, վերջինիս կարծիքով, Ադրբեջանը հայ ռազմագերիների հետ լավ է վարվում:
Եվ թեպետ Մարիա Կարապետյանը ասել էր, որ սուտ է, ու նման բան տեղի չի ունեցել, Անի Սամսոնյանը, այնուամենայնիվ, պնդել էր իր ասածը:
«Ափսոս փակ է եղել նիստը, չնայած ես կասկածում եմ, որ բաց նիստում տիկին Կարապետյանը այդքան անկեղծ կլիներ: Նա մեզ մեղադրում էր, թե ինչո՞ւ ենք բարձրաձայնել և ինչո՞ւ ենք դիմել միջազգային կառույցներ, որ Բաքվի զորահանդեսում մեր գերիներին չցուցադրեն։ Եվ տիկին Կարապետյանը պնդում էր, որ Ադրբեջանը չէր խախտի միջազգային կոնվենցիաները և այդպես վատ չէր վարվի մեր գերիների հետ։ Մենք նրան հարց ենք ուղղել՝ արդյո՞ք Դուք կարծում եք՝ մեր գերիների հետ վատ են վարվում, տիկին Կարապետյանն այս մասով որևէ արձագանք չի տվել, նրանք խորհուրդ ենք տվել ևս մեկ անգամ բացի և տեսանյութեր նայի, թե մեր գերիների հետ ինչքան վատ են վարվում։ Եվ մեզ համար դա խայտառակություն էր և շոկային, որ այդպես տիկին Կարապետյանը պաշտպանում էր Ադրբեջանի շահերը։ Ըստ երևույթին, պաշտպանում էր, որովհետև նրա հարձակվողական վարքագիծն ու մեղադրանքները, որ մենք զբաղվել ենք այդ հարցով, մեզ համար պարզապես զարմանալի էր»,- ասել էր Անի Սամսոնյանը:
Մարիա Կարապետյանը միակը չէ. իշխանական թիմում շատերն են նման կարծիքի:
Ինչևէ, զարմանալի չէ, որ Արման Թաթոյանի ասուլիսն անարձագանք չմնաց Ադրբեջանում, և նրա հասցեին մեղադրանքների հերթական չափաբաժինը չուշացավ:
Հատկանշական է, որ Ադրբեջանում ոչ միայն ռազմաքաղաքական ղեկավարությունը, այլև այդ երկրի քաղաքացիներն են ակնդետ հետևում ու մեկնաբանում ՀՀ ՄԻՊ-ի գործունեությունը, ու դա տարօրինակ չէ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ պաշտոնատար անձանց շրջանակը, ովքեր համարձակվում են Ադրբեջանին մեղադրել հակաիրավական տարատեսակ գործողությունների մեջ, այնքան էլ ընդարձակ չէ:
Եվ դա է պատճառը, որ Արման Թաթոյանի ցանկացած հրապարակում վայրկենաբար մեկնաբանվում է Ադրբեջանում:
«Քելբաջարին սահմանակից Բասարքեչար շրջանի Զոդ և Կութ գյուղերի ուղղությամբ հրդեհներ են սկսվել: Հայաստանի օմբուդսման Արման Թաթոյանը դեպքի մեջ մեղադրել է ադրբեջանական կողմին և հայտնել, որ հուժկու հրդեհները տարածվում են դեպի բնակավայրեր»,- սա Ադրբեջանի կողմից հայկական բնակավայրերը դիտավորյալ հրդեհելու վերաբերյալ հրապարակումների՝ ադրբեջանական տելեգրամ-ալիքների արձագանքից մի օրինակ է:
Հատկանշական է, որ ադրբեջանցիները նաև իրենց օմբուդսմանի հետ են համեմատում ՀՀ ՄԻՊ-ին:
«Էս հայերի օմբուդսմանը մեր օմբուդսմանից ակտիվ է: Մերը եղել է, էլ չկա, թաղել են: Ի դեպ, Ադրբեջանի օմբուդսմանը Սիյավուշի կինն է»,- գրում են ադրբեջանցի օգտատերերը:
Խոսքը Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավոր, Իլհամ Ալիևի գլխավորած «Նոր Ադրբեջան» կուսակցության անդամ Սիյավուշ Նովրուզի մասին է, ում կինը՝ Սաբինա Ալիևան, փաստորեն, Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանն է:
Տարօրինակ է, որ Արման Թաթոյանի բացահայտումներին դեռևս ՀՀ իշխանությունները չեն անդրադարձել, քանի որ հայտնի ճշմարտություն է, որ ՀՀ ՄԻՊ-ից դժգոհ են մեկ Ադրբեջանում, մեկ էլ ՀՀ քաղաքական վերնախավում, մասնավորապես՝ իշխանական պատգամավորական ճամբարում: