Ինչ սպասել Ադրբեջանի և Թուրքիայի շտապողականությունից
«Կավկազինֆո»-ի հաղորդմամբ, չորս թուրք գեներալ կմիանա հատուկ հրամանատարական խմբին, որը կներկայացնի թուրքական զինված ուժերն Ադրբեջանում:
Ըստ տեղեկությունների՝ Թուրքիայի ցամաքային զորքերի օպերատիվ ստորաբաժանման ղեկավար, գեներալ-մայոր Բախտիյար Էրսայը նշանակվել է Ադրբեջանում հատուկ խմբի ղեկավար և փոխանցվել Թուրքիայի Գլխավոր շտաբի տրամադրությանը:
Գեներալ Աբդուլլահ Գատիրչին նշանակվել է Էգեյան բանակի հրամանատարությունում և ընդգրկվել է Ադրբեջանի գծով հատուկ խմբի համատեղ կենտրոնի հրամանատարության մեջ:
Գեներալ Էնդեր Գյուները նշանակվել է Հատուկ խմբի հրամանատարության գլխավոր շտաբի պետ:
Սրան զուգահեռ՝ փոխվել է Բաքվում Թուրքիայի զինված ուժերի ռազմական կցորդը, նոր ռազմական կցորդ է նշանակվել գեներալ Զաքարիա Յալչինը:
Դեռևս պատերազմի ժամանակ ականատես եղանք փաստի, որ Ադրբեջանի ԶՈՒ-ի ղեկավարում չկա, կա Թուրքիայի ԳՇ-ի ղեկավարում:
Պատերազմից հետո ադրբեջանական CBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, ըստ էության, ընդունել էր, որ իրենք պատերազմը հաղթել են նատօ-ական կամ թուրքական օպերատիվ կառավարման համակարգի կիրառման շնորհիվ, հատկապես, երբ, Հասանովի խոսքով, «7-րդ օրը զգացվում էր, որ հայկական ռազմական ղեկավարությունը կորցրել է զինված ուժերի կառավարումը, կառավարման համակարգը «սբոյ» է տվել»:
Իր հերթին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընթացիկ տարվա փետրվարին դեռևս հայտարարել էր, որ փորձելու են ստեղծել բանակ, որը կլինի «թուրքական բանակի փոքր պատճենը, քանի որ դա ամենահզոր բանակներից մեկն է ՆԱՏՕ-ի կազմում»:
168.am-ի հետ զրույցում պահեստազորի փոխգնդապետ, ռազմական վերլուծաբան Հրաչյա Պետրոսյանցը նշեց, որ Հայաստանը պետք է լուրջ հետևություններ անի սրանից և ոչ միայն:
«Որոշ շտապողականություն է երևում Թուրքիայի և Ադրբեջանի գործողություններում այս առումով, ինչից կարելի է ենթադրել, որ մոտ ապագայում հնարավոր են իրավիճակի կտրուկ զարգացումներ»,- շեշտեց Պետրոսյանցը:
Արդյո՞ք հնարավոր են մեր տարածաշրջանում ռուս-թուրքական բախումներ աշխարհաքաղաքական ծրագրերի համատեքստում՝ «Մեծ Թուրան»-«Մետաքսի ճանապարհ», կամ՝ ՌԴ-Արևմուտք՝ հաշվի առնելով, որ «Մեծ Թուրանը» Արևմուտքն է, Թուրքիան, ԱՄՆ-ը, «Մետաքսի ճանապարհը»՝ ՌԴ, Իրան, Չինաստան, Հնդկաստան, ռազմական վերլուծաբանը նշեց.
«Ռուս-թուրքական հարաբերություններն այսօր հիմնված են նրա վրա, որ ռուսական որոշ շրջանակներ ռուսական շահը գերադասում են ինչ-որ գումարներից։ Այնպես որ, չեմ կարծում, որ ռուս-թուրքական բախում կլինի»:
Ինչ վերաբերում է թուրք-ադրբեջանական հնարավոր տարաձայնություններին, Պետրոսյանցն ասաց, որ այսօր Ադրբեջանը տարաձայնություններ չի կարող ունենալ Թուրքիայի հետ, քանի որ դարձել է նրա պրոքսի պետությունը։
Այսինքն, Ադրբեջանը իր անվտանգային խնդիրները Թուրքիայի հսկողությանն է հանձնել և առաջնորդվում է երկու պետություն մեկ բանակ սկզբունքով՝ լեգիտիմացնելով նատօ-ական օպերատիվ կառավարման մոդելը, ՀՀ-ն իր անվտանգության ապահովման խնդիրը հանձնել է, ըստ էության, ՌԴ-ին և շարունակում է բանակում խորհրդային կամ ռուսական մոդելի ամրապնդումը:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի պետական սահմանների այն հատվածների պահպանությունը, որն իրականացնում են Հայաստանի զինված ուժերը, կդրվի սահմանապահների վրա, իսկ բանակի ստորաբաժանումները կզբաղվեն բացառապես մարտական պատրաստության և մարտունակության բարձրացման հարցերով: