Դանիայում չեղարկել են վերջին հակաքովիդային սահմանափակումները
Դանիայի իշխանությունները սեպտեմբերի 10-ից չեղարկել են այն բոլոր սահմանափակումները, որոնք մտցվել էին կորոնավիրուսային վարակի տարածման կապակցությամբ: Այդ մասին հաղորդել է Դանիայի ռադիոն։
«Գոյություն ունեցող վերջին սահմանափակումները հանվել են լույս սեպտեմբերի 10-ի գիշերը: Այսպիսով, ավարտվում է 18 ամիս տեւողությամբ ժամանակաշրջանը, երբ Դանիայում անհրաժեշտ էր կրել դիմակներ, օգտագործել քովիդ անձնագրեր եւ պահպանել միջոցառումների մասնակիցների թվի սահմանաքանակը»,-ասվում է հաղորդագրության մեջ: Կորոնավիրուսային վարակն այլեւս երկրում չի համարվում «խիստ վտանգավոր հիվանդություն»: «Բնակչության պատվաստումն արդյունավետ միջոց է դարձել համաճարակի տարածումը զսպելու համար, ուստի լուրջ հետեւանքների ռիսկը նվազել է: Այսպիսով, կորոնավիրուսը դադարել է խնդիր լինել հասարակության մակարդակով»,- ռադիոն մեջբերում է Ազգային կլինիկայի վարակաբան պրոֆեսոր Ենս Լունդգրենի խոսքը:
Դանիայում առաջին սահմանափակումները մտցվել էին անցյալ տարվա մարտի 11-ին. սահմանվել էր դիմակային ռեժիմ, բնականոն կյանքը գործնականում կաթվածահար վիճակում էր: Սակայն, մասնագետների խոսքով, առայժմ վաղ է խոսել համավարակի նկատմամբ լիակատար հաղթանակի մասին, քանի որ ժամանակ է անհրաժեշտ՝ գնահատելու համար, թե ինչպես իրեն կպահի վիրուսը եւ որքանով արդյունավետ կլինի պատվաստումը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: