«Երևի տեղին չէ ասել, թե որ հատվածում ենք եղել, եղել ենք մարտական դիրքերում». ՀՔԾ պետ

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության հարցազրույցի փուլն էր: Ներկայացել էին երեք այն թեկնածուները, որոնք հաղթահարել էին փաստաթղթերի գնահատման փուլը։ Հակակառուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածու, Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանն իր զրույցի ընթացքում անդրադարձավ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ ղեկավար Դանիել Իոաննիսյանի այն հարցին, թե ինչպե՞ս է նա մասնակցել 44-օրյա պատերազմին, ո՞ր ուղղությամբ է եղել, քանի որ գրքույկի մեջ այդ մասին գրառում կա։

«Երևի տեղին չէ ասել, թե որ հատվածում ենք եղել, եղել ենք մարտական դիրքերում։ Ջոկատը կազմված է եղել Հատուկ քննչական ծառայության քննիչներից, մենք և քննչական կոմիտեի քննիչները եղել ենք նույն դիրքերում։ Ցավոք, նաև վիրավորներ ենք ունեցել»,- նշեց Սասուն Խաչատրյանը։

ՀՔԾ գործող պետը պատասխանելով հարցին, որ բանակում չծառայելը չի խոչընդոտել մարտական դիրքեր գնալուն, տեղեկացրեց, որ մինչև դիրքեր մեկնելը Նուբարաշենում գտնվող հրաձգարանում պարապմունքներ էին անցկացրել, առաջին բուժօգնության և մարտական պատրաստության, հետևաբար՝ իր բանակում չծառայելը դիրքեր մեկնելուն չի խանգարել։

Ինչ վերաբերում է Հակակոռուպցիոն կոմիտեին, Սասուն Խաչատրյանը նախ ներկայացրեց իր կարծիքը կառույցի մասին՝ շեշտելով, որ ամենամեծ առավելությունը կոմիտեում այն է, որ ունենալու է ինքնուրույն օպերատիվ մարմին և այդ մարմնի գոյությունն ինքնին մեծացնելու է ծառայության արդյունավետությունը, անկախ այն հանգամանքից՝ ի՞նքը կղեկավարի այդ մարմինը, թե՞ այլ անձ։

«Իմ տեսլականն այն է, որ քննչական մարմինն առհասարակ պետք է ունենա օպերատիվ օժանդակող մարմին, ինչպես շատ զարգացած երկրներում, ես կցանկանայի, որ այդ մարմինն ունենար իր փորձագիտական կենտրոնը՝ համալրված լավագույն մասնագետներով ու տեխնիկայով»,- հավելեց նա։

Հարցին՝ ինչպե՞ս կգնահատի իր վերջին երեք տարիների աշխատանքը, ի՞նչ ձեռքբերումներ ու բացթողումներ ունի, Սասուն Խաչատրյանը պատասխանեց, որ ձեռքբերումների մասին չի ցանկանում խոսել։ Ինչ վերաբերում է թերություններին, ապա թերություններ ունեցել են։

«Թերությունները հիմնականում կապված են ծանրաբեռնվածության հետ, ծանրաբեռնվածության աճի պայմաններում, անշուշտ, որակը տուժում է։ Խնդիրներ ենք ունեցել՝ կապված քննիչների արտահոսքի հետ, լավ կադրերը հիմնականում գնում էին փաստաբանական գործունեության, շատերը փորձում են դառնալ դատավոր։ Մենք ունենք հաջողված գործեր և՛ փողերի հետ, և՛ ակտիվների հայտնաբերման հետ, խնդիրներից կարող եմ նշել միջազգային համագործակցության վերաբերյալ խնդիրները, որը, կարծում եմ՝ կրթության հետ է կապված և համապատասխան փորձի»,- շեշտեց Սասուն Խաչատրյանը։

Տեսանյութեր

Լրահոս