
ՀայՓոստը տեղեկացնում է

ՀայՓոստը գործարկում է նոր ծառայություն, որը հնարավորություն է տալիս հաճախորդի տանը կանխիկ գումարով կատարել կոմունալ վճարումներ: Ծառայության համար հավելյալ գումար չի գանձվում:
ՀայՓոստ ՓԲԸ-ից մանրամասնում են, որ փոստատարների միջոցով կոմունալ վճարների ընդունման ծառայությունը կմատուցվի ՀՀ ամբողջ տարածքում, պլանշետների միջոցով: Փոստատարն, այցելելով հաճախորդի բնակարան, օրինակ՝ կենսաթոշակ, նպաստ վճարելու կամ նամակը հանձնելու, միաժամանակ կառաջարկի նաև կոմունալ վճարների ընդունում:
«Այսպիսով, մեր հաճախորդների համար առավելագույնս կապահովենք հասանելիություն և հարմարավետություն: Մեր փոստատարներն այժմ պլանշետներով կայցելեն բնակարաններ, և ՀայՓոստի հաճախորդները, գտնվելով իրենց բնակարաններում, առանց լրացուցիչ այլ վճարների կարող են կատարել կոմունալ վճարումները»,- նշել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը:
Հաճախորդի ցանկության դեպքում փոստատարը տպում և տրամադրում է բաժանորդի պարտքի վերաբերյալ հաշվետվությունը, այնուհետև, հաճախորդի համաձայնությամբ, գանձում վճարումը՝ տրամադրելով անդորրագիր: