«Թվերը փաստում են, որ ոլորտը թեև դեռ չի վերականգնվել, սակայն արթնանալու նշաններ տալիս է». «Տուրիզմի հայկական ֆեդերացիայի» նախագահ

Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է ավելի քան 22 տոկոսով. 168.am-ի հետ զրույցում նշեց «Տուրիզմի հայկական ֆեդերացիայի» նախագահ Մեխակ Ապրեսյանը՝ անդրադառնալով Ազգային վիճակագրական ծառայության 2021թ.-ի հունվար-հունիս ամիսների սոցիալ-տնտեսական վիճակի ամփոփված տվյալներին: Մեխակ Ապրեսյանը, սակայն, խորհուրդ չի տալիս առաջնորդվել «չոր թվերով». «Նկատենք, որ 2020 թվականի առաջին կիսամյակի թիվը՝ 307 հազար 590 մարդը, 2020 թվականի առաջին եռամսյակի նույն թիվն է: 2020 թ. առաջին եռամսյակին մենք դեռևս բնականոն կյանքով էինք ապրում. միայն մարտի 16-ին հայտարարվեց կարանտին: Իսկ 2020 թ.-ի երկրորդ եռամսյակն արդեն 0 է եղել: Այս տարվա երկրորդ եռամսյակը եղել է ավելի քան 150 հազար: Այսինքն՝ եթե եռամսյակներն ենք համեմատում, 0-ից 150 հազարը գերազանցած թիվ ունենք, եթե կիսամյակ-կիսամյակ ենք համեմատում, մենք ունենք նվազում: Այս թվերը փաստում են, որ ոլորտը թեև դեռ չի վերականգնվել, սակայն, ըստ էության, արթնանալու նշաններ տալիս է»:

«Տուրիզմի հայկական ֆեդերացիայի» նախագահը հավելեց, որ 2019 թվականի ցուցանիշից դեռևս շատ հեռու են. 2019 թվականին 1 միլիոն 894 հազար զբոսաշրջային այցելություն է եղել՝ մինչդեռ 2020 թվականի տարեկան ցուցանիշը եղել է ընդամենը 375 հազար այցելություն:

Նա հույս հայտնեց, որ այս տարի այցելությունների թվով կհատեն 1 միլիոնը, ինչը լուրջ աշխատանքներ է ենթադրում:

Հարցին, թե պատերազմից հետո հատկապես Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում պահպանվող ռիսկերն արդյո՞ք բացասաբար են ազդել զբոսաշրջային այդ ուղղությունների վրա, մեր զրուցակիցը պատասխանեց. «Զբոսաշրջությունը, ընդհանրապես, շատ զգայուն է նման երևույթների նկատմամբ. ինչպես հիվանդությունները, համավարակները, այնպես էլ՝  քաղաքական, ներքաղաքական անկայուն իրավիճակները, ռեգիոնալ հարցերը,  պատերազմական իրավիճակները բացասաբար են ազդում ոլորտի վրա:

Սյունիքում, Գեղարքունիքում արձանագրված դեպքերը ոչ միայն հենց այդ շրջանների զբոսաշրջության վրա են ազդում, այլև ողջ Հայաստանի զբոսաշրջային միտումների: Այսինքն՝ այդ ինֆորմացիան ունենում են մեր պոտենցիալ զբոսաշրջիկները, և, բնականաբար,  անվտանգության առումով ունենում են մտավախություններ՝ անկախ նրանից՝ Սյունիք կայցելե՞ն, թե ոչ»:

«Պատերազմը՝ իր բոլոր հետևանքներով, երկրորդ ոչ պակաս ծանր հարվածն էր զբոսաշրջությանը կորոնավիրուսից հետո»,- եզրափակեց Մեխակ Ապրեսյանը:

Ի դեպ,  երեկ կառավարության նիստից հետո Վահան Քերոբյանը, պատասխանելով հարցին, թե կհասնե՞նք 319 տոկոսով ավելի զբոսաշրջիկ ունենալու՝ իր հայտարարած ցուցանիշին ասել էր. «Մինչև օգոստոսի վերջը եղած ժամանակահատվածում եկել է 488 հազար տուրիստ մոտավորապես, և օգոստոսին՝ 143 հազար զբոսաշրջիկ, և դա նշանակում է, որ անցած տարվա համեմատ՝ ունենք 30 տոկոս աճ, բայց կատարվել է արդեն 130 տոկոսով:

Հիմա ես դժվարանում եմ վստահաբար ասել, որ հենց 319 կամ 300 տոկոսից ավել կկատարվի, բայց ենթադրում եմ, որ մենք տարեվերջին անպայման մեկ միլիոնից ավելի տուրիստ կունենանք»։

Նախարարը լրագրողներին տեղեկացրեց նաև, որ պլանավորված է 1 միլիոն 200 հազար զբոսաշրջիկների այցելություն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930