Նախարարի կանխատեսումները խաղողի անսահմանափակ մթերումների, տուրիզմի ավելի քան 300% աճի մասին
«Ես ձեզ հիմա կարող եմ ցույց տալ, թե ինչ մեծ տեմպով է ընթանում խաղողի մթերումը մի շարք գործարաններում, ընդ որում, որոշ մթերողներ հայտարարել են անսահմանափակ մթերումների մասին: Օրինակ, Պռոշյանի կոնյակի գործարանը հայտարարել է, որ ինչքան բերեն, այդքան կմթերի»,- Կառավարության նիստից հետո լրագրողների հարցերին ի պատասխան՝ նշեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Նախարարի կարծիքով՝ կառավարությունը պետք է ձեռնպահ մնա գնի վերաբերյալ խոսակցություններից. «Սա զուտ շուկայական հարաբերություններ են, և կարծում եմ, որ պահանջարկի-առաջարկի հետևանքով կձևավորվի ճիշտ գին, ճիշտ որակի համար, իսկ եթե որոշ չարաշահումներ լինեն, ապա դրա համար գոյություն ունի կառույց՝ ՏՄՊՊՀ-ն, որը կկանխարգելի ցանկացած չարաշահում»:
Վահան Քերոբյանը խոսեց նաև զբոսաշրջության միտումների մասին. Լրագրողի հարցին, թե երբ կհասնենք 319 տոկոսով ավելի զբոսաշրջիկ ունենալու մասին իր հայտարարած ցուցանիշին՝ Վահան Քերոբյանը պատասխանեց. «Մինչև օգոստոսի վերջը եղած ժամանակահատվածում եկել է 488 հազար տուրիստ մոտավորապես, և օգոստոսին՝ 143 հազար զբոսաշրջիկ, և դա նշանակում է, որ անցած տարվա համեմատ ունենք 30 տոկոս աճ, բայց կատարվել է արդեն 130 տոկոսով:
Հիմա ես դժվարանում եմ վստահաբար ասել, որ հենց 319 կամ 300 տոկոսից ավել կկատարվի, բայց ենթադրում եմ, որ մենք տարեվերջին անպայման մեկ միլիոնից ավելի տուրիստ կունենանք»։
Նախարարը լրագրողներին տեղեկացրեց նաև, որ պլանավորված է 1 միլիոն 200 հազար զբոսաշրջիկների այցելություն: