Բաժիններ՝

«Ես նման բաներ ինձ թույլ չէի տա․․․ եթե այդ ցավը չունեն, դժվար հասկանան». Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին

Նիկոլ Փաշինյանն այսօրվա կառավարության նիստում հայտարարել է, որ Հայաստանի անկախության 30-ամյակին՝ սեպտեմբերի 21-ին, Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու «մասշտաբային և գունագեղ տոնակատարություն»։

«Այս տարի ՀՀ անկախության 30-ամյակն է, և մեզ հայտնի հանգամանքների բերումով մեր տրամադրությունը տոնական համարել չի կարելի, բայց մենք որոշում ենք կայացրել, որ ՀՀ անկախության 30-րդ տարեդարձը պետք է պատշաճ ձևով նշվի: Եվ ուզում եմ ասել, որ սեպտեմբերի 21-ին Երևանի Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու մաշստաբային և գունագեղ տոնակատարություն, և այդ տոնակատարությունը, իհարկե, առաջին հերթին նվիրված է լինելու ՀՀ անկախության, ինքնիշխանության, անվտանգության և Արցախի համար իրենց կյանքը զոհած մեր նահատակների հիշատակին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունից հետո նահատակված հերոսներից շատերի ծնողները ֆեյսբուքյան իրենց էջերում գրեցին, որ տոնակատարություն կազմակերպելն անընդունելի է, անտրամաբանական։

Պատերազմում նահատակված Աբգար Նազարյանի հայրը՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը, գրել էր, որ պատերազմի առաջին տարելիցից վեց օր առաջ գունագեղ համերգի կազմակերպումը և հայտարարությունը, թե այն նվիրվում է նահատակներին, ցինիզմ ու սրբապղծություն է։

«Առայժմ այսքանը։ Եթե մեկ օրվա ընթացքում կառավարությունը չհրաժարվի այս մտադրությունից, արդեն ավելի կոշտ կարձագանքեմ»,- գրել է Գեղամ Նազարյանը։

168.amի հետ զրույցում նահատակված հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը, ասաց, որ այդ տոնակատարությունն անընդունելի է համարում։

«Ինձ համար, որպես հայ մարդ, ազգի նվիրյալ, համարում եմ, որ այդ ամենը ճիշտ չէ, մնացածն իրենք գիտեն։ Իրենց համար ամեն ինչ ճիշտ է, ինձ համար՝ չէ։ Մենք շատ անելիքներ ունենք, որ դեռ չենք արել, շատ ընտանիքներ կան, որ դեռ իրենց երեխաներին չեն գտել, գերիներ կան, որոնց հայրենիք չեն վերադարձրել, ու չգիտենք էլ՝ նրանց կվերադարձնե՞ն, թե՞ ոչ։ Այսինքն՝ լուծելու շատ խնդիրներ ունենք, եթե այդ տոնակատարությունն այսօր այդքան անհրաժեշտ է, ի՞նչ ասեմ»,- նշեց Արտակ Հովհաննիսյանը։

Նրա խոսքով, այնպես չէ, որ նոր պետք է այդ հրավառությունն անեն, քանի որ պատերազմից անմիջապես հետո եղել են հրավառություններ անողներ։

«Կրկնում եմ՝ ես նպատակահարմար չեմ գտնում այդպես տոնելը, ես նման բաներ ինձ թույլ չէի տա։ Ոչ էլ ես կարող եմ այդքան մարդկանց մտածելակերպը փոխել, ամեն մարդ ինքը գիտի, որ նման ընտանիքներում պետք է լինի այսպիսի բաներ, որ իրենք հասկանան, իրենց համար հաճելի կլինի՞, թե՞ ոչ, եթե այդ ցավը չունեն, դժվար հասկանան։ Իրենց համար ամեն ինչ կարգին է, դե ,կողքի մարդուն էլ կարող են մի հատ ասել՝ կներեք, ու վերջ»,- հավելեց նա։

Հարցին՝ միջոցառման հրավեր ստանալու դեպքում կընդունի՞, Արտակ Հովհաննիսյանը պատասխանեց. «Ինձ չեն կարող հրավեր ուղարկել, ես չեմ սպասում այդ հրավերին»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս