Վահան Քերոբյանը հերքում է, թե իր պատճառով է սնանկացել «Սթար»-ը
Կառավարության նիստից հետո լրագրողներն Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին հարց ուղղեցին մեկ շաբաթ առաջ քաղաքացուն տված խորհրդի առնչությամբ. «Կառավարության նախորդ նիստից հետո, երբ քաղաքացին բողոքում էր, որ չի կարողանում վճարել իր վարկը, խորհուրդ տվեցիք սնանկ ճանաչվել ու այդպես ազատվել բանկի պարտավորություններից. Բանկերն ի՞նչ կարծիք կունենան մեր պետական պաշտոնյաների մասին, երբ բարձրաստիճան պաշտոնյան նման խորհուրդ է տալիս»:
Նախարարը հարցին այսպիսի պարզաբանում տվեց. «Կոնկրետ այդ քաղաքացու դեպքը. Ընդհանուր առմամբ, արդյո՞ք մեր հասարակությունն ունակ է, կամ մեր կարգավորումներն ունակ են ներել մարդուն:
Ես ունեմ շատ մոտ բարեկամներ, ովքեր մի քանի անգամ ձախողվելուց հետո՝ նոր հաջողության են հասել, և եթե չլինեին մարդիկ, ովքեր իրենց կօգնեին այն ամենավատ պահին, մեր երկիրը հնարավորություն չէր տալիս սխալվել: Հիմա մեր երկիրը թույլ է տալիս սխալվել:
Եվ բնականաբար, ես որևիցե անօրինական բան չեմ առաջարկել, այլ հակառակը՝ ասել եմ՝ կա էսպիսի իրավունք, ու Դուք կարող եք օգտվել այդ իրավունքից: Դա կոչ չէ՛, որ մարդիկ չվճարեն իրենց վարկերը, հակառակը՝ մենք պետք է կտրուկ բարձրացնենք մեր պատասխանատվությունը, մեր կարգապահությունը, բայց նաև՝ պետք չէ մոռանալ այն հնարավորության մասին, որն օրենքը թույլ է տալիս՝ անելանելի վիճակներում»:
Դիտարկմանը, թե՝ Ձեզ մեղադրում են «Սթար» սուպերմարկետների ցանցը սնանկացնելու մեջ, և հարցին՝ Դուք այդ մեթոդո՞վ եք սնանկացել, նա արձագանքեց. «Էդ մեղադրանքը անհիմն մեղադրանք է. և այն պահին, երբ ես դուրս եմ եկել «Սթար»-ից, ընկերությունը նորմալ աշխատել է»:
Հիշեցնենք՝ Վահան Քերոբյանը «Սթար»-սուպերմարկետների ցանցում աշխատել է հիմնադրման օրվանից, այսինքն՝ 2004 թվականից մինչև 2012 թվականը, որպես գործադիր տնօրեն: Իսկ 2011թ. սեպտեմբերին ընկերությունը ձեռք բերեց «Ֆրեշ» սուպերմարկետների ցանցը և «Քեթրին» խանութները, իսկ դեկտեմբերին պաշտոնապես հայտարարեց այդ ցանցերի կլանման մասին:
Տեղեկացնենք նաև, որ դեռ հունվարի 13-ին 168.am-ը էկոնոմիկայի նախարարին գրավոր հարցում էր հղել՝ հիշատակելով նաև Քերոբյանի կենսագրության վերը նշված դրվագը:
«Ձեր նշանակումից հետո տարբեր շրջանակներ հիշեցին «Սթար» առևտրային ցանցի մասին, որտեղ զբաղեցնում էիք գործադիր տնօրենի պաշտոնը, եղան հրապարակումներ, որոնցում ուղղակիորեն նշվում էր, որ սուպերմարկետների հայտնի ցանցը սնանկացել է Ձեր «ԱՊԱՇՆՈՐՀ կառավարման հետևանքով»: Հիշատակումներ եղան նաև «Կրպակ» խանութների ցանցի մասին, որի հինգ հիմնադիրներից մեկն էիք, և որը բացվել էր անմիջապես «Սթար»-ի լուծարումից հետո և դրանով հայտնվել լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում:
Ինչպե՞ս կմեկնաբանեք ձեր գործունեության, գործարար համբավի մասին այս դրվագները: Արդյո՞ք անցյալի՝ նաև հիշյալ փորձառությամբ կկարողանաք ստանձնել ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականության մշակման ու իրականացման պատասխանատվությունը»,- հարցրել էինք նախարարից:
Ցայսօր այս հարցման պատասխանը չենք ստացել: