Ավելի քան 41,800 ընտրող է վաղաժամկետ քվեարկել ՌԴ Պետդումայի ընտրություններում
ՌԴ Պետդումայի պատգամավորների ընտրություններում վաղաժամկետ քվեարկել է արդեն ավելի քան 41,8 հազար ընտրող: Այդ մասին հայտնել է ԿԸՀ-ի նախագահ Էլլա Պամֆիլովան:
Օգոստոսի 29-ից մինչեւ սեպտեմբերի 16-ը ՌԴ 36 սուբյեկտների տարածքում Պետդումայի ընտրությունների ժամանակ վաղաժամկետ քվեարկություն է անցկացվում այն ընտրատեղամասերում, որոնք ձեւավորվել են հեռավոր եւ դժվարամատչելի տեղանքներում, նավերի վրա, որոնք քվեարկության օրը գտնվելու են նավարկության մեջ, բեւեռային կայաններում, հիշեցրել է նա:
Նաեւ սեպտեմբերի 3-ին վաղաժամկետ քվեարկություն է սկսվել ՌԴ-ի սահմաններից դուրս գտնվող ընտրատեղամասերում:
«Սեպտեմբերի 7-ի դրությամբ 22 սուբյեկտների տարածքում վաղաժամկետ քվեարկել են 41 հազար 869 ընտրողներ, նրանցից 34 հազար 532-ը՝ հեռավոր եւ դժվարամատչելի տեղանքների ընտրատեղամասերում, 7337-ը՝ նավերի վրա, որոնք քվեարկության օրը գտնվելու են նավարկության մեջ, իսկ ՌԴ-ի սահմաններից դուրս 17 երկրների ընտրատեղամասերում վաղաժամկետ քվեարկել է 7868 մարդ»,-ասել է Պամֆիլովան՝ հանդես գալով ԿԸՀ-ի նիստում:
Դումայի եւ մյուս ընտրություններում քվեարկությունն այս տարի կանցկացվի սեպտեմբերի 17-ից 19-ը, հետեւում է ԿԸՀ-ի որոշումից: Պետդուման ընտրվում հինգ տարով՝ խառը ընտրական կազմով. 225 պատգամավոր ընտրվում է կուսակցական ցուցակներով, եւս 225-ը՝ միամանդատ օկրուգներով՝ մեկ փուլում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: