
ԱՄՆ դեսպանն այցելել է Սպիտակի բժշկական կենտրոն

ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին սեպտեմբերի 7-ին այցելել է Լոռու մարզ, որտեղ ներկա է գտնվել Սպիտակի բժշկական կենտրոնին թվային ճառագայթագրման ու ֆլյուրոսկոպիայի սարքի նվիրաբերման արարողությանը։
Բժշկական պատկերագրման այս սարքը, որի արժեքն է 255 000 ԱՄՆ դոլար, ներառված է նոր կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարին աջակցելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությանը տրամադրվող 770 000 ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ սարքավորումների շարքում։ Սարքավորումները տրամադրվել են ԱՄՆ Եվրոպական հրամանատարության Մարդասիրական աջակցության ծրագրով:
«Նոր կորոնավիրուսի համավարակը սկսվելուն պես մենք սերտորեն գործակցել ենք ՀՀ կառավարության հետ՝ ի նպաստ մարդկանց ապահով կենսագործունեության ու առողջության։ ԱՄՆ Եվրոպական հրամանատարության Մարդասիրական աջակցության ծրագրով տրամադրված բուժսարքավորումները կմեծացնեն ՀՀ առողջապահական համակարգի կարողությունները նոր կորոնավիրուսի բուժառուների ախտորոշման ու բուժման հարցում», -ասել է դեսպան Թրեյսին, այս մասին հայտնում են Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից:
Դեսպան Թրեյսին հանդիպում է ունեցել նաև Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի հետ։